Ջրասուզակներն այսօր Փամբակ գետում գտել են հունիսի 15-ից որոնվող 13-ամյա Նարինեի մարմինը:
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը Փամբակ գետն ընկած երեխայի որոնումները վաղ առավոտից սկսել էր դեպքի վայրից մոտ կես կիլոմետր հեռավորության վրա՝ ծառերի արմատների խոռոչում, ուր ի վերջո մեկ մետր խորության վրա հայտնաբերվեց փոքրիկի մարմինը: Նրան որոնում էին արդեն մեկ շաբաթ: «Այսօր իմ ուշք ու միտքն էս էր, ոնց որ սիրտս վկայեր», - ասաց ջրասուզակը:
5 օր առաջ, քիչ վերև՝ դարձյալ ծառարմատների տակ ջրասուզակը գտել էր նաև Նարինեի կրտսեր քրոջը՝ 7-ամյա Նարեին:
Նախորդ օրերին բազմաթիվ անգամներ տասնյակ ջրասուզակներ, փրկարարներ, ոստիկաններ ու կամավորներ անցել էին այս նույն հատվածներով: Վահե Մելքոնյանն այսօր, երեխայի մարմինը գետից դուրս բերելուց հետո մտմտում էր՝ ինչո՞ւ օրեր շարունակ որոնումներն արդյունք չէին տալիս:
Մեկ շաբաթ առաջ, քույրերը փորձել էին հանդիպակաց թաղամասում գտնվող կրթական կենտրոն գնալ՝ անցնելով ոչ թե կամրջով, այլ Փամբակ գետում դեռ խորհրդային տարիներից մնացած խողովակի վրայով, բայց թաց խողովակն անհուսալի էր՝ երեխաները սահել ու հայտնվել էին վարարած գետի ալիքներում:
Տասնամյակներ շարունակ Լոռիում բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած ավելի քան 15-մետրանոց խողովակը ապամոնտաժվեց միայն անցած շաբաթ՝ հերթական ողբերգությունից հետո:
Այսօր երեխային գտնելուց րոպեներ առաջ Վանաձոր էր ժամանել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, նա քաղաքի մուտքի մոտ ձևավորված շտաբում քննարկում էր որոնողական աշխատանքների ընթացքը: Շեշտում էր, թե դիտարկում են ոչ միայն երեխայի գետն ընկնելու, այլ նաև այլ վարկածներ: Բայց քիչ անց արդեն գետից հայտնաբերվեց խեղդված երեխան:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որ անցած բոլոր օրերին հետևել է փրկարարների աշխատանքին, հարց բարձրացրեց՝ այսքան ծանր աշխատանք կատարող փրկարարներն ընդամենը 150-170 հազար դրամ աշխատավարձ են ստանում, ե՞րբ պիտի կառավարությունը վերանայի նրանց աշխատավարձը: Նախարարը շնորհակալություն հայտնեց որոնողական աշխատանքներն իրականացրած փրկարարներին ու կամավորներին, համաձայնեց նրանց խրախուսելու Շամշյանի հորդորին, ցածր աշխատավարձի մասին դիտարկմանը, սակայն, ուղիղ չարձագանքեց:
5 օր առաջ Փամբակից հայտնաբերված 7-ամյա աղջնակին արդեն հողին են հանձնել: Այսօր ավագ քրոջը հայտնաբերելուց հետո տեղում քննիչներ էին աշխատում:
Այս ամբողջ ընթացքում ծանր դժբախտություն ապրած ընտանիքի հետ հոգեբաններ էին աշխատում: Մայրը՝ Վանաձորում վարձակալած բնակարանում ապրում էր 5 երեխաների հետ: