«Ոչ մի արյունահեղություն, ոչ մի պատերազմ». Ալիևն ընդունել է Իրանի ԶՈւ նախարարին

Ադրբեջանում է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը, որն այսօր հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը։

Ըստ հաղորդագրության՝ Ալիևը կրկին ընդգծել է, որ Ադրբեջանը ցանկանում է «խաղաղություն ամբողջ աշխարհում՝ ոչ մի արյունահեղություն, ոչ մի պատերազմ»։

«Բաքվի նախաձեռնությամբ Հարավային Կովկասում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել, ինչը մեծ նշանակություն ունի Իրանի համար՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի հարևանի», - ասել է Ադրբեջանի առաջնորդը։

Իրանի հասցեին ԱՄՆ-ից հնչող զգուշացումների ու ռազմական հնարավոր հարվածների ֆոնին՝ Ադրբեջանի նախագահն անցած շաբաթ նաև զանգահարել էր իրանցի գործընկերոջը, «պատրաստակամություն հայտնել նպաստել տարածաշրջանում լարվածության կարգավորմանը և ընդգծել, որ Բաքուն աջակցում է նման հարցերի լուծմանը բանակցությունների և փոխըմբռնման միջոցով»։

Մինչ այդ հեռախոսազրույց էր կայացել երկու երկրների արտգործնախարարների միջև։ Ադրբեջանի արտգործնախարարը վստահեցրել էր՝ Բաքուն երբեք թույլ չի տա, որ իր տարածքը, այդ թվում՝ օդային, օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանը պատրաստ է նպաստել լարվածության կարգավորմանը. Ալիևը՝ ՓեզեշքիանինԲայրամովն Արաղչիին վստահեցրել է՝ Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ ռազմական գործողությունների համար