«Նշանակալի առաջընթաց» կա բանակցություններում. Ուիթքոֆ

Ժնևում երկրորդ օրն է՝ շարունակվում են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունները՝ վերջ դնելու արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմին: Եռակողմ ձևաչափով մինչ այդ կողմերը ևս երկու հանդիպում անցկացրել էին Աբու Դաբիում:

Երեկվա բանակցություններից հետո ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, թե կողմերի միջև երկխոսություն հաստատելու՝ նախագահ Թրամփի ջանքերն արդյունք են տալիս և «նշանակալի առաջընթաց» կա բանակցություններում:

«Եվ մենք հպարտ ենք, որ աշխատում ենք նրա ղեկավարությամբ՝ այս սարսափելի հակամարտության հետևանքով սպանությունները դադարեցնելու համար։ Երկու կողմերն էլ համաձայնել են նոր տեղեկություններ փոխանցել իրենց ղեկավարներին և շարունակել աշխատանքը համաձայնության հասնելու ուղղությամբ»,- գրել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:

Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ երեկ կենտրոնացել են «գործնական հարցերի և հնարավոր որոշումների մեխանիզմների» վրա՝ առանց մանրամասներ հաղորդելու։ Ռուսական կողմը բանակցությունների մասին մեկնաբանություն չի արել։

Սակայն, ռուսական պատվիրակությունում France Press-ի աղբյուրները հայտնել են, որ երեկվա հանդիպումը «շատ լարված» է անցել։ Ամերիկյան Axios-ի լրագրող Բարաք Ռավիդն իր հերթին սոցցանցում գրել է, որ բանակցությունները «դոփում են տեղում» ռուսական կողմի դիրքորոշման պատճառով, որը ներկայացրել է պատվիրակության նոր ղեկավար Վլադիմիր Մեդինսկին: Թե կոնկրետ ինչ է պահանջել Մեդինսկին, լրագրողը չի մանրամասնել, սակայն մինչ այդ հայտնի էր, որ քննարկվելու է նաև տարածքների հարցը:

Ուկրաինայի նախագահը Axios-ի նույն լրագրողին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինացիները չեն ընդունի որևէ համաձայնագիր, որը կներառի ուկրաինական զորքերի միակողմանի դուրսբերում Դոնբասից և տարածաշրջանի հանձնումը Ռուսաստանին. «Մարդիկ դա երբեք չեն ների։ Երբեք։ Նրանք չեն ների ո՛չ ինձ, ո՛չ էլ ԱՄՆ-ին»,- ասել է Վլադիմիր Զելենսկին և դժգոհել, որ Դոնալդ Թրամփը միայն Ուկրաինային է կոչ անում զիջումների գնալ՝ խաղաղության հասնելու համար՝ հավելելով, որ դա արդար չէ: