Ուկրաինացի և ռուս բանակցողներն ավարտել են Ժնևում ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող խաղաղության բանակցությունների առաջին օրը, հայտարարել է Կիևի գլխավոր բանակցողը:
Զրույցը կենտրոնացած էր գործնական հարցերի և հնարավոր որոշումների մեխանիզմների վրա, ասել է Ուկրաինայի գլխավոր բանակցողը:
AFP-ի փոխանցմամբ՝ ռուսական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ բանակցությունները «շատ լարված» էին: «Դրանք շատ լարված էին։ Դրանք տևեցին վեց ժամ։ Դրանք այժմ ավարտվել են։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել վաղը (չորեքշաբթի)», - լրագրողներին ասել է աղբյուրը՝ անանուն մնալու պայմանով։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակն ասել էր, որ այսօրվա բանակցությունների մասին որևէ նորություն ակնկալել պետք չէ»։
TASS-ի փոխանցմամբ ռուսական պատվիրակությունը բաղկացած է 15-ից 20 հոգուց։ Այն կրկին գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, բանակցություններին ներկա է նաև Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը: Ամերիկյան կողմից նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆից և Ջարեդ Քուշներից բացի Ժնևում Վաշինգտոնի պատվիրակության կազմում են ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միասնական ուժերի հրամանատար Ալեքս Գրինկևիչը։ Իսկ ուկրաինական կողմից՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Խնատովը, արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան, Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկբիցկին և Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Ուկրաինային արագ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա այս հայտարարությունն արեց Air Force One ինքնաթիռում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ է նա ակնկալում Ժնևում կայանալիք եռակողմ բանակցություններից։
«Սրանք կարևոր բանակցություններ են։ Ամեն ինչ շատ պարզ է լինելու։ Ուկրաինան ավելի լավ է արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Սա է ամբողջը, ինչ կարող եմ ասել ձեզ։ Մենք գտնվում ենք այնպիսի դիրքում, որ ցանկանում ենք, որ նրանք նստեն բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Թրամփը։