«Նրանք լուրջ չեն վերաբերվում բանակցություններին»․ Ռուբիոն՝ Իրանի մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանիլայում, 21-ը հուլիսի, 2026թ․

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեռ պատրաստ է բանակցել՝ Իրանի ճգնաժամը հանգուցալուծելու համար, սակայն Թեհրանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, հայտնում է Reuters գործակալությունը։

Ընդարձակվող տարածաշրջանային հակամարտությունը խաթարել է աշխարհի ամենակարևոր էներգետիկ նեղուցներից երկուսի՝ Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի աշխատանքը։

«Խնդիրը, որն այս պահին ունենք, այն է, որ նրանք լուրջ չեն վերաբերվում բանակցություններին։ Եթե նրանք լուրջ են, մենք էլ ենք լուրջ։ Եթե ոչ, ապա մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ մեր շահերը, ինչպես նաև մեր դաշնակիցների շահերը պաշտպանելու համար», - Ֆիլիպիններում Հարավ-արևելյան Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ասել է Ռուբիոն։

Նա այս մասին խոսել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շուրջ նոր սկսված լարվածության ֆոնին։ Նախօրեին սաուդյան չվերամշակված նավթը դեպի Չինաստան տեղափոխող երեք նավթատար Կարմիր ծովում փոխել է ընթացքը՝ նեղուցի փոխարեն ուղևորվելով Սուեզի ջրանցքով՝ ըստ ամենայնի Եմենի իրանամետ հութիների սպառնալիքների պատճառով։

Հութիները երկուշաբթի հայտարարեցին Սաուդյան Արաբիան ծովային շրջափակման ենթարկելու մասին։

Պետքարտուղարը շեշտել է՝ Իրանին Հորմուզի նեղուցը վերահսկել թույլատրելը «վտանգավոր նախադեպ» կստեղծի․ Եթե Մերձավոր Արևելքում նախադեպ ստեղծենք, որտեղ պետությունը կարող է որոշել, որ պատրաստվում է վերահսկել միջազգային ջրային ուղին, տուրք գանձել, իսկ չվճարելու դեպքում՝ պայթեցնել նավերը, ապա շատ վտանգավոր նախադեպ ստեղծած կլինենք, որը կկրկնվի աշխարհի այլ հատվածներում, այդ թվում՝ այս [Հարավ-արևելյան Ասիայի] տարածաշրջանում»։

Սմերիկյան զինուժը 11-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող թիրախներին։ Թեհրանի բնակիչները վաղ առավոտյան պայթյունների ձայներ են լսել։ Իրանական կիսապաշտոնական «Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ մայրաքաղաքում գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։

Պայթյունների մասին նաև հարավ-արևելյան ափամերձ Չաբահար և Քոնարակ քաղաքներում է հաղորդվել, իսկ երկու պայթյուն լսվել է Բուշերում, որտեղ տեղակայված է երկրի միակ ատոմակայանը, հայտնել է իրանական «IRNA» պաշտոնական լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ Իրանը Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտներ էր թիրախավորել, իսկ Հորմուզի նեղուցում նավթատարի էր հարված հասցրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբանանի նախագահը՝ Թրամփին․իսրայելական զորքերի դուրսբերումն անհրաժեշտ էՊետդեպը արտերկրում գտնվող ամերիկացիներին զգուշացրել է «առավել զգոն» լինելԼիբանանի բանակը վերադառնում է երկրի հարավԹրամփ․ «Ամեն անգամ, երբ Իրանը ամերիկացի զինծառայող սպանի, բազմապատիկ ավելին է վճարելու»