Նոյեմբերյանի համայնքապետի նոր մեղադրանքը․ վարձակալության վեճից մինչև թանկարժեք պոմպակայան

Նոյեմբերյանի ընտրություններից երեք ամիս առաջ համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ևս մեկ գործով մեղադրյալ է դարձել։

Երեկ նրան ձերբակալել, ապա ժամեր անց ազատ են արձակել երկրից բացակայելու արգելքով։ Մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն լռում է, Աղաբաբյանն ինքն է բացահայտում պատճառը։

Ըստ մեղադրանքի՝ համայնքին պատկանող 300 քառակուսի մետր տարածքը, որն օգտագործվում է որպես ավտոտեխսպասարկման կայան, վարձակալության է տրվել ոչ թե 100, այլ 70 հազար դրամով։

«Վարձավճարի հետ կապված պիտի գնահատում անեինք, նոր վարձով տրամադրեինք անշարժ գույքը։ Առանց գնահատելու, ավագանու որոշումով ենք տրամադրել, դրա մասին է խոսքը։ Այսինքն՝ համարում են, որ ավելի ցածր արժեքով է։ Իրենք համարում են, որ դա ավելի ցածր գին է, բայց մենք էլ համարում ենք, որ նման գին այդ տարածքում գոյություն չունի։ Կազմակերպության ենք տվել։ Դե իրենք համարում են, որ 100 հազար պիտի վճարեին, մենք 70 հազարով ենք տվել»,- մանրամասնեց համայնքապետը։

Արդյո՞ք սա Աղաբաբյանի մեղադրանքին առնչվող միակ պատճառն է, թե ոչ, դեռ հայտնի չէ։ Նոյեմբերյանի համայնքապետն ավելին չի ասում, իսկ Հակակոռուպցիոնը հրաժարվում է տեղեկություն տրամադրել։

Սա Նոյեմբերյանի քաղաքապետին առնչվող միակ քրեական վարույթը չէ

Դատախազությունն ընդամենը մեկուկես ամիս առաջ Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել ևս մեկ գործ, որով Նոյեմբերյանի համայնքապետին մեղադրում են ավելի վաղ, մինչև 2021-ը Կողբը ղեկավարելու տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ իրավապահների՝ նա 200 հազար դրամով օրինականացրել է պետական միջոցներով կառուցված Բերդավանի պոմպակայանը, այն փոխանցելով մասնավոր ընկերության, ինչի հետևանքով պետությունը ստիպված է եղել տարիներ անց նույն գույքը հետ գնել շուրջ 70 միլիոն դրամով։

«Ապրելու երկիր» կուսակցությունից ընտրված քաղաքապետը պաշտոնավարման ընթացքում երբեք չի թաքցրել իր ընդդիմադիր հայացքները, անգամ մասնակցել է հանրահավաքների, դիմավորել ընդդիմության առաջնորդներին, իսկ մայիսին «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Նարեկ Կարապետյանին դիմավորելիս «Ազատությանն» ասել էր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նույն կերպ չի դիմավորի։

2024-ին Տավուշում սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքային մարզային խմբի ձևավորումից մեկ օր անց Նոյեմբերյանի համայնքապետարանն իր պաշտոնական էջում խիստ հայտարարություն տարածեց համայնքի անունից, թե Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան, քանի որ «այն փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է», - ասված էր հայտարարության մեջ։

Երկու տարի առաջ Տավուշ-Ղազախ հատվածում մասնակի սահմանազատման ընթացքում Երևանը Բաքվին վերադարձրեց նախկին ադրբեջանաբնակ չորս գյուղերը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Մասնավորապես՝ նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար»,- նշվում է Նոյեմբերյանի համայնքի հայտարարությունում։

2021-ին տեղական ընտրություններում, թեև «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր ամենաշատ 9 մանդատը, ընդդիմադիր երկու ուժերը միավորվեցին և 12 մանդատով համայնքապետ ընտրեցին Արսեն Աղաբաբյանին։ Մինչդեռ, հունիսյան խորհրդարանական ընտրություններում պատկերն այլ էր։ Իշխող ՔՊ-ն համայնքում ստացավ 55 տոկոս ձայն՝ զգալի առաջ անցնելով երկու ընդդիմադիր դաշինքների հավաքած 31 տոկոսից։ Երեկ ևս մեկ գործով մեղադրյալ դարձած Աղաբաբյանը մտադիր է մասնակցել նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին, որ տեղի կունենան նոյեմբերի 29-ին։