Ռուսաստանում գործող «Նովայա գազետան» թերթը, որն Արդարադատության նախարարության կողմից հայտարարվել է որպես օտարերկրյա գործակալ, հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը հիմնադրումից ավելի քան 30 տարի անց։
«Նոյեմբերի 9-ին մենք կանջատենք լույսերը մեր շենքում, որտեղ ապրել ենք 30 տարի, կանջատենք սերվերները և կհեռանանք։ Թերթն այլևս գոյություն չունի», - ասվում է խմբագրական խորհրդի հայտարարությունում, որը հրապարակվել է թերթի կայքում։
Մինչ այդ «Նովայա գազետա»-ի խմբագիր Սերգեյ Սոկոլովն ու լրագրող Իրինա Գորդիենկոն դոնորներին ուղղված նամակում հայտնել էին, որ իրենց հանում են Մոսկվայի կենտրոնում՝ Պոտապովսկի նրբանցքում գտնվող գրասենյակից, որտեղ լրագրողներն աշխատել են մոտ 30 տարի։
«Նրանք պարզապես մեզ դուրս են շպրտում՝ մեզ շատ քիչ ժամանակ տալով իրերը հավաքելու համար։ Աննա Պոլիտկովսկայայի թանգարանը փակվում է, իսկ մեր զոհված ընկերների դիմանկարները հանվում են պատերից», - ասվում էր էլեկտրոնային նամակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Խուզարկություն «Նովայա գազետայի» գրասենյակում«Վաժնիե իստորիի» կայքը ևս հայտնել էր, որ «Նովայա գազետա»-ն համապատասխան հրահանգները ստացել է իր տարածքի սեփականատիրոջից, որը հոկտեմբերի 9-ին նա նամակ է ուղարկել՝ նշելով որ խմբագրական անձնակազմը մեկ ամիս ժամանակ ունի տարածքը լքելու համար։
Խմբագրությունը նշել էր, որ նոր գրասենյակ չի գտնել։ «Մենք կանգնած ենք ոչ մի տեղ տեղափոխվելու վտանգի առաջ։ Մենք փախստական ենք դարձել մեր սեփական երկրում», - նշել էր խմբագրությունն իր նամակում:
Այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը «Նովայա գազետան» ներառել էր «օտարերկրյա գործակալների» ցուցակում։ Նշված պատճառների թվում էր Ուկրաինայի պատերազմին լրատվամիջոցի դեմ լինելը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանն ավելացում է տուգանքների չափը, «ծայրահեղական» նյութերի տարածման դեպքում՝ 50 անգամԱվելի վաղ էլ «օտարերկրյա գործակալ» էր հայտարարվել լրատվամիջոցի նախկին գլխավոր խմբագիր և Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովը։
2022 թվականին դատարանը չեղյալ էր հայտարարել լրատվամիջոցի արտոնագիրը՝ «Ռոսկոմնադզոր»-ի կողմից ներկայացված հայցից հետո։
Լրատվամիջոցի լրագրող Օլեգ Ռոլդուգինի նկատմամբ շարունակում է հետաքննություն իրականացվել՝ անձնական տվյալների անօրինական օգտագործման համար։
«Նովայա գազետան» հիմնադրվել է 1993 թվականի ապրիլին։ Այդ ժամանակվանից ի վեր այն հրապարակել է տարբեր հետաքննություններ, որոնցից շատերը կենտրոնացած են մարդու իրավունքների խախտումների վրա։ Թերթի առնվազն հինգ լրագրող սպանվել է իր մասնագիտական գործունեության պատճառով։