«Նոր ուժ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է:
«Մեր պետությանը պետք է նոր ուժ, որը կփոխի այս ամենը, որը կփոխի պետական կառավարումը, որը կփոխի այս քաղաքական դաշտը, որը ոտքի կկանգնեցնի Հայաստանը, նոր ուժ, որը սկզբունքներից չի հեռանալու: Եվ այդ նոր ուժը մենք ենք»,- իր ելույթում հայտարարեց Հայկ Մարությանը:
Արդյոք «Նոր ուժ»-ը կհամագործակցի այլ քաղաքական ուժերի հետ, ճեպազրույցի ընթացքում Հայկ Մարությանը պատասխանեց. «Քննարկումներ ունեցել ենք տարբեր քաղաքական ուժերի հետ մինչև ընտրությունները դաշինք կազմելու մասին, այնուամենայնիվ մեր վարչությունը որոշում է ընդունել, որ մենք մեր կուսակցությունով ենք գնում ընտրություններին»:
Մարությանը նշեց, որ չեն համագործակցելու գործող իշխանության՝ ՔՊ-ի հետ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ. «Մնացած ուժերի հետ կապված, օրինակ՝ Սամվել Կարապետյանի ուժի, մենք իրենց ուժի հետ ունենք շատ առանցքային տարաձայնություն. մենք տեսնում ենք մեր պետության զարգացումը եվրոպական մոդելով, իրենք, կարծում եմ, դա չեն տեսնում և կաշկանդվածություն ունեն: Եթե հետընտրական գործընթացն այնպես գնաց, որ կարիքը լինի մեր դիրքորոշումը հայտարարելու, ես կարող եմ ասել՝ իրենց ուժը թող հայտարարի, որ իրենք տեսնում են մեր պետության զարգացումը եվրոպական ուղով, դա կնշանակի, որ ամենամեծ տարաձայնությունը չի լինի, իսկ ավելի փոքր հարցերը կարելի է քննարկել»:
2024-ի փետրվարի սկզբին Երևանի ավագանին մանդատից զրկեց «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին: Հեղափոխությունից հետո ՔՊ-ի ցուցակով քաղաքապետ ընտրված ու հետո իր թիմի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանն էլ հայտարարել էր նոր կուսակցություն հիմնադրելու ու հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։