Նոր որոշում Ստոկհոլմից. Կառավարությունը ոգևորված է, Կարապետյանները հորդորում են չշտապել

Հայաստանի էլեկտրական ցանցերին առնչվող Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը ոգևորել է Հայաստանի կառավարությանը: Այսօրվա հաղորդագրության մեջ գործադիրը պնդում է, թե իր առանցքային միջնորդությունը բավարարվել է:

Կառավարության փոխանցմամբ՝ միջազգային արբիտրը նախքան բուն քննությունը կքննի իրավազորության հարցը՝ արդյո՞ք միլիարդատեր Սամվել Կարապետյանի Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու գործընթացի օրինականության հարցը հենց իր որոշելիքն է, թե՞ ոչ:

«Իմ գնահատմամբ՝ այստեղ խիստ ընթացակարգային որոշման հետ գործ ունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:

Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելուց հետո մեղադրյալ դարձած գործարարի ունեցվածքը պետականացնելուց հետո ՀԷՑ-ը կառավարում է Նիկոլ Փաշինյանի թիմակից Ռոմանոս Պետրոսյանը: Մինչ նա կարևորում է արբիտրի երեկվա որոշումը, Կարապետյանների ձևավորած ՀԷՑ վերահսկողական կոմիտեն հայտարարեց՝ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի արբիտրները որոշել են, որ առայժմ ներդրումային արբիտրաժում կքննարկվեն միայն ընթացակարգային՝ իրավասության հարցեր:

Նույն կարծիքին է նաև Սիրանուշ Սահակյանը, որը հետևում է դեռ մեկ տարի առաջ Կարապետյանների կողմից միջազգային արբիտր ուղարկված հայցի շուրջ զարգացումներին. - «Նախ անդրադառնում են վարույթ ընդունելու հիմքերին, որոնց թվում է նաև իրավազորության խնդիրը, և այդ փաստարկներին անդրադառնալուց, որոշումներ կայացնելուց հետո նոր անցում են կատարում ըստ էության գորշի քննությանը»:

Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ այս որոշումը հաղթանակ համարել պետք չէ, սա պարզապես այն մասին է, որ արբիտրաժային դատարանը նախ կանդրադառնա հայցի՝ վարույթ ընդունելու հիմքերին, հետո արդեն կանցնի գործի բուն քննությանը:

«Այսինքն՝ այն, որ այստեղ անջատվել է վարույթ ընդունելու փուլը ըստ էության քննությունից, դեռևս չի նշանակում, որ գործը ամբողջովին ճանաչվելու է անընդունելի, և մենք չենք կարող կանխատեսել այդ գործով ունենալ վճիռ», - նշեց Սահակյանը:

Կառավարությունում, սակայն, նշում են, որ այս կարևոր որոշումը հնարավոր է դարձնում, որ միջազգային տրիբունալը շատ ավելի վաղ փուլում քննարկի իրավազորության հարցերը և ամբողջությամբ մերժի Հայաստանի դեմ ներկայացված բոլոր պահանջները:

Այդպես չէ, հակադարձում է Սիրանուշ Սահակյանը: Նա օրինակ է բերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործերից, երբ վարույթ ընդունելու հարցն առանձին էր քննվել, հետո էլ դատարանն ընդդեմ Հայաստանի կառավարության է որոշում կայացրել:

«Կարող է և Հայաստանի Հանրապետությունը հաղթել, մենք չգիտենք, բայց սա մեծ նշանակություն ունեցող որոշում չէ, այն հաղթանակ տոնող որոշում չէ», - ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը:

Գործադիրը Սամվել Կարապետյանի թիմի հայցը Ստոկհոլմի արբիտրաժում համարում է անհիմն: Պնդում է, որ միջազգային պայմանագրերով Հայաստանի քաղաքացի համարվող Կարապետյանը սեփական երկրում օտարերկրյա ներդրող չի համարվում, հետևաբար՝ միջազգային արբիտրները չեն կարող քննել նրա բողոքը: Սամվել Կարապետյանը նաև Կիպրոսի քաղաքացի է, իսկ միջազգային տնտեսական ներդրումները խթանող և ներդրողներին պաշտպանող համաձայնագիրը կնքված է Կիպրոսի և Հայաստանի միջև: Այս փաստաթղթին էլ հղում են տալիս Կառավարությունում:

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ դեռ ծանոթ չէ այս որոշմանը. - «Առաջին անգամ եմ լսում, ես կարծեցի՝ ուղղակի հերթական անգամ հայտարարում են, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը, օրինակ, չեն կատարում»:

Վարդևանյանը նաև հիշեցրեց նույն այս արբիտրի վերջին որոշումը կարևորող Կառավարության վարքագիծը, երբ արդեն մեկ տարի է՝ անտեսում է աբրիտրի մեկ այլ որոշում: Անցած տարի արբիտրաժաաին դատարանը ՀԷՑ-ի պետականացման համար ուղի հարթող իշխանության ընդունած նախագծերը «բռնագրավման օրենքներ» էր որակել և Հայաստանին պարտավորեցրել ձեռնպահ մնալ «ընկերության բռնագրավման» հետագա քայլերից մինչև իր վերջնական որոշումը: Երևանը, սակայն, մինչև հիմա հրաժարվում է կատարել այդ որոշումն ու դուրս գալ ՀԷՑ-ից: Կառավարությունը պնդում է՝ վճիռը ենթակա է կատարման, եթե այն ճանաչվի հայաստանյան դատարանի կողմից:

Մինչ միջազգային դատարանի վերջնական որոշումը, Հայաստանի կառավարությունը շարունակում է պետականացման գործընթացն ու 380 հազար դոլար է առաջարկել Կարապետյաններին ՀԷՑ-ի համար:

Նրանք չեն ընդունելու այս առաջարկը: Եվ եթե չգան վերջնական համաձայնության, Կառավարությունն ավելի հեռուն կգնա՝ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու գործընթաց կսկսի:

Արբիտաժի որոշման կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀԷՑ բաժնետեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթիդ» ընկերության փաստաբանական թիմը՝ նշելով. - «Վարույթը փուլերի բաժանելը հաճախ հանդիպող երևույթ է միջազգային ներդրումային այն վեճերում, որոնք առաջացնում են վիճելի հարցերի մեծ քանակ։ Միաժամանակ, ընդունված որոշումը կրում է բացառապես դատավարական բնույթ և չի վկայում այն մասին, որ արբիտրաժը Հայաստանի փաստարկները ճանաչել է հիմնավորված կամ բավարարման ենթակա»։

«Ներդրողները շարունակում են միջազգային արբիտրաժում հետամուտ լինել իրենց իրավունքների լիարժեք պաշտպանությանը և վստահ են իրենցից բռնագանձվող/ունեզրկվող ներդրումների հետ կապված ներկայացված պահանջների հիմնավորվածության մեջ։ Անցյալ տարվա հուլիսին կայացված և Հայաստանին ՀԷՑ-ի օտարմանն ուղղված ցանկացած գործողություն արգելող ապահովման միջոցները շարունակում են ուժի մեջ մնալ։ Համապատասխանաբար, ՀԷՑ-ի և նրա բաժնետերերի դեմ Հայաստանի կառավարության ցանկացած նոր անօրինական գործողություն, այդ թվում՝ ընկերության ազգայնացումը, կխախտի այդ միջոցները և կառաջացնի Հայաստանի միջազգային-իրավական պատասխանատվությունը», - ասված է հայտարարությունում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀԷՑ-ի սեփականատերերը չեն ընդունելու 380 հազար դոլարով ընկերությունը վաճառելու Կառավարության առաջարկըԿառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380 000 դոլար Դատարանը վճռել է՝ ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու որոշման հիմքում ներկայացված ենթադրյալ խախտումների մեծ մասը բավարար ապացուցված չէՀԷՑ-ի հանրային գերակա շահ ճանաչվելը հետաձգվում է մինչև մայիսի 25-ը«Գործել է զանգովի արդարադատություն». Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող ՍԴ որոշման մասինՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքներըՀԷՑ-ի արժեքը՝ 1 միլիարդ դոլար, պնդում է նախկին տնօրենը. ինչ փուլում է ՀԷՑ-ի վաճառքի գործընթացըՓաշինյան․ Եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը հասանելի լինի պետբյուջեին, այն կազգայնացվիՍտոկհոլմի արբիտրաժի որոշումը. Կառավարությունն ու «Տաշիր»-ը հակասական մեկնաբանություններ են ներկայացնումՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից