«Նիկոլ Փաշինյանը յուրացնում է իշխանությունը». արձագանքներ ՍԴ դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի թեկնածությանը

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյան, արխիվ

Ութ տարի «Քաղաքացիական պայմանագրի» հետ ճանապարհ անցած Վլադիմիր Վարդանյանը երեք օր է անկուսակցական է: Սեփական նախաձեռնությամբ է իշխող ուժից դուրս գալու դիմում գրել, որ դառնա անկուսակցական ու հնարավորություն ստանա օրենսդիր մարմնից տեղափոխվել անկախ մարմին համարվող Սահմանադրական դատարան՝ որպես դատավոր:

Անցած շաբաթավերջին նրան այդ պաշտոնին առաջադրեց նախագահ Վահագն Խաչատուրյանը: Թե ինչու է Խաչատուրյանը «Քաղաքացիական պայմանագրի» առանցքային անդամի թեկնածության վրա կանգ առել, հայտնի չէ, բայց Վարդանյանը պնդում է, թե դժվարությամբ է համաձայնել:

«Բարձր առաջարկին համաձայնվել եմ այն գիտակցությամբ, որ թե΄ մասնագիտական և թե΄ ակադեմիական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքներս պետք է առավել արդյունավետ ծառայեցնել մեր երկրի ժողովրդավարական արժեքների պահպանման և զարգացման գործին», - գրել է ՍԴ դատավորի թեկնածուն:

Ընտրվելու դեպքում Վլադիմիր Վարդանյանը կդադարեցնի նաև խորհրդարանական գործունեությունը: 2018-ից ի վեր Վարդանյանը իշխող ուժի ցուցակով պատգամավոր ընտրվելուց բացի ղեկավարել է նաև Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Պաշտպանել է ՔՊ-ի տարբեր աղմկահարույց նախագծեր, ամենաթարմ օրինակներից մեկն էլ՝ ՀԷՑ-ի պետականացմանը միտված օրենսդրական փաթեթը:

«Մեկ-երկու օր հոսանքի բացակայությունը կարող է վերածվել լրջագույն կոլապսի, և մենք դրա օրինակը ունենք Իսպանիայում, և քննությունը առայսօր շարունակվում է, թե ինչպես տեղի ունեցավ, որ Իսպանիան բախվեց այդպիսի բլեքաութի հետ», - մասնավորապես հայտարարել էր Վարդանյանը:

Վլադիմիր Վարդանյանին Սահմանադրական դատարան գործուղելու որոշումը, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ, խնդրահարույց է, թուլացնում և նվազեցնում է Սահմանադրական դատարանի նկատմամբ վստահությունը:

«Առհասարակ խնդիր է, երբ որ նման պաշտոնների համար առաջադրվում կամ ընտրվում են կուսակցական անձինք: Մենք նույն մոտեցումը ունեցել ենք նաև, երբ Կարեն Անդրեասյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու էր, երբ Վահագն Հովակիմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու էր: Սա լուրջ խնդիրներ են, և սա չի կարելի անտեսել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Իոաննիսյանը:

Արդեն նախկին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն ընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանում կփոխարինի նախկին հանրապետական Հրայր Թովմասյանին: Իսկ Թովմասյանի պաշտոնավարումը դադարեցվեց, որովհետև դատարանը երկու տարի առաջ նրան մեղավոր էր ճանաչել արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, անցած ամիս այդ վճիռը մտել է ուժի մեջ:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ գործուղելը ոչ թե հանրապետության նախագահի, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումն է: Կարապետյանցի պնդմամբ՝ առանց այն էլ վստահություն չունեցող Բարձր դատարանի վարկանիշը այդպես է՛լ ավելի կտուժի:

«Ինչքան էլ հիմա մեզ փորձեն համոզել, որ ստորագրել են ու կուսակցությունից դուրս են եկել մի կես ժամ առաջ կամ մի շաբաթ առաջ, դա, բնականաբար, համոզիչ չի լինելու ոչ մեկի համար, որովհետև մենք էս պրոցեսը արդեն տեսել ենք բազմիցս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Առաջիկայում Սահմանադրական դատարանում կարող է ոչ միայն խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարց առաջանալ, այլ նաև քննության առարկա են դառնալու հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, նոր Սահմանադրության նախագիծը: Սահմանադրական դատարանի գործող կազմն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության օրոք: Չնայած սրան, Կարապետյանցը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը իր կուսակցին ՍԴ գործուղելով իշխանության պահպանման համար լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում:

«Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ պիտի փաստացի յուրացնի իշխանությունը, զավթի իշխանությունը ամբողջությամբ ՔՊ-ականներով, կամ, ավելի շուտ, անձնապես իրեն նվիրյալ մարդկանց նշանակի էդ պաշտոններում: Սա ստուգված գործիք է՝ մենք սա տեսել ենք նախկին իշխանությունների ժամանակ, ՀՀՇ-ի ժամանակ ենք տեսել, ՀՀԿ-ի ժամանակ ենք տեսել, տարբեր խմբերի կառավարման տարիներին ենք տեսել: Սա մեզ համար շատ հստակ պատկերացում է, որը մենք ունեցել ենք, այսինքն՝ սա մեր փորձն է», - ընդգծեց իրավապաշտպանը:

ՔՊ-ականներն ամենաբարձր մակարդակով վստահեցնում են՝ անհրաժեշտ բոլոր քայլերն անցնող ութ տարիներին իրականացրել և շարունակում են իրականացնել, որ Հայաստանում դատական համակարգն անկախ լինի: Ընդ որում՝ 2019 թվականին, երբ լծվել էին այժմ արդեն ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործին, ի թիվս այլ հիմքերի մատնանշում էին Թովմասյանի կապը երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, այն դեպքում, երբ Թովմասյանը ՀՀԿ անդամ է եղել 6 տարի, իսկ Վլադիմիր Վարդանյանը՝ ՔՊ անդամ ՝ 8 տարի: Չի՞ ստացվում՝ ՔՊ-ն անում է այն, ինչի համար քննադատում էր նախկիններին: Այս հարցին իշխանական խմբակցությունից պատասխան ստանալ այսօր չհաջողվեց, ասացին՝ Վլադիմիր Վարդանյանի թեկնածության հարցը դեռ խմբակցությունում պետք է քննարկեն, հետո մեկնաբանեն:

Մինչ այդ, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը չի հերքում՝ Հայաստանում կայացած անկախ մարմիններ չկան:

«Մեծ հաշվով՝ անկախության ինստիտուտ էլ չկար, և դրա արդյունքում՝ նույնիսկ էն մարմինները, որոնք որ մնում էին իշխանությունից անկախ, օրինակ՝ 20-21 թվականի մասին եմ ասում, դառնում էին, պայմանական, ընդդիմությունից կախյալ՝ ընդդիմությունից, օտարերկրյա կենտրոններից կախյալ: Էդ լուրջ խնդիր է, և իշխանությունը թե էդ խնդիրը լուծի անկախ մարմինների ավանդույթներ բերելով, ավանդույթներ ներմուծելով, դրա փոխարեն իշխանությունը շարժվում է այն ուղղությամբ, որ «դե լավ, անկախ չեն, ուրեմն թող ոչ էլ լինեն անկախ, բայց թող մեզանից կախված լինեն», - ասաց Իոաննիսյանը:

Թե երբ խորհրդարանը կքննարկի Վլադիմիր Վարդանյանի ընտրության հարցը, հստակ չէ, պարզ չէ նաև խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը, նրանք ևս փոխանցեցին, որ Վարդանյանի թեկնածությունը չեն քննարկել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախագահը Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում