Ներքաղաքական իրավիճակը Մերցին ստիպում է չեղարկել այցը Նյու Յորք

Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերց, արխիվ

Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի մեկնի Նյու Յորք և չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին։ Պատճառը երկրում ծավալվող ներքաղաքական զարգացումներն են, որոնք, ըստ գերմանական DPA գործակալության, «պահանջում են Մերցի ներկայությունը մայրաքաղաք Բեռլինում»։

Ներքաղաքական զարգացումները, որոնց մասին խոսում են գերմանական լրատվամիջոցները, սեպտեմբերի 6-ին Սաքսոնիա-Անհալթ երկրամասում տեղի ունեցած տեղական ընտրություններն էին, որոնց ընթացքում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ, իսկ Մերցի քրիստոնյա-դեմոկրատները դժվարությամբ կարողացան հաղթահարել երկրամասային խորհրդարանում՝ Լանդթագում ներկայացված լինելու համար անհրաժեշտ անցողիկ շեմը։

«Անհնարին է անտեսել այն հանգամանքը, որ գերմանական երկրամասերից մեկում ընտրողների 60 տոկոսը քվեարկել է այնպիսի կուսակցությունների օգտին, որոնք կասկածի տակ են դնում մեր երկրի ժողովրդավարական հաստատությունների կենսունակությունը և ձևավորված խաղի կանոնները։ Մենք չենք կարող ձևացնել, որ ամեն ինչ կարգին է, դա չի կարող ազդեցություն չունենալ բոլորիս՝ այդ թվում անձամբ իմ վրա», - հայտարարում էր Մերցը։

Շաբաթասկզբին Բեռլինում հնչեցրած այս ելույթում, սակայն, Գերմանիայի դաշնային կանցլերը բացառեց իր հնարավոր հրաժարականը՝ նշելով, որ գործող կառավարությունն ընտրվել է չորս տարով և չորս տարի էլ պաշտոնավարելու է։ Արդյո՞ք գերմանական կառավարության ղեկավարի այս հաստատակամ կեցվածքը կպահպանվի նաև առաջիկայում, պարզ կդառնա կիրակի օրը՝ Բեռլինում և Մեկլենբուրգ-Վերին Պոմերանիա երկրամասում կայանալիք ընտրություններից հետո։

Ընտրություններին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում անցկացված սոցհարցումների արդյունքները վկայում են՝ եթե ոչ Բեռլինում, ապա գոնե Մեկլենբուրգում սեպտեմբերի 6-ի սցենարը կարող է և կրկնվել։ Հեղինակավոր INSA սոցիոլոգիական ծառայության տվյալներով՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունը Բալթիկ ծովի ափին գտնվող այս երկրամասում ևս կարող է առաջին տեղը զբաղեցնել՝ քվեների 37 տոկոսով։ Սոցիալ-դեմոկրատները, ըստ նույն հարցման, կարող են հավակնել քվեների 35, իսկ կանցլեր Մերցի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը՝ ընդամենը 7 տոկոսին։

Տեղացի ծայրահեղ աջերի առաջնորդ Լեյֆ-Էրիկ Հոլմը, այդուհանդերձ, խոստովանում է՝ Մեկլենբուրգում աջերի վարկանիշը նույնքան բարձր չէ, որքան Սաքսոնիա-Անհալթում։

«Հնարավոր է, որ կուսակցությունների ցուցանիշները բավական մոտ լինեն, և երկրամասային կառավարության ձևավորումը դժվարությունների բախվի։ Բայց կասկած չկա, որ մենք բանակցությունների առաջարկ կուղղենք այն բոլոր ուժերին, որոնք ցանկանում են, որ քաղաքական նոր շունչը մուտք գործի նաև Մեկլենբուրգ-Վերին Պոմերանիա», - հայտարարում էր աջերի առաջնորդը։

Դաշնային կանցլեր Մերցի կուսակցության համար քիչ թե շատ լավատեսական հեռանկարն ուրվագծվում է միայն Բեռլինում։

Վերջին հարցումների համաձայն՝ մայրաքաղաքում առաջին տեղը զբաղեցնելու են ոչ թե ծայրահեղ աջերը, այլ՝ ձախերը։ Արևելյան Գերմանիայի կոմունիստական կուսակցության իրավահաջորդը համարվող Ձախ կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել բեռլինցի ընտրողների 21 տոկոսը։ Երկրորդ տեղում իշխող քրիստոնյա-դեմոկրատներն են՝ քվեների 20 տոկոսով, նրանց ընդամենը 2 տոկոսով է զիջում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը։

Վերջին համապետական հարցումները, սակայն, իշխող կուսակցության համար շատ ավելի մռայլ պատկեր են բացահայտում։ Եթե Բունդեսթագի ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կստանար քվեների 27-ից 29, իսկ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը՝18-ից 20 տոկոսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գերմանացիները բողոքում են Սաքսոնիայում հաղթած ուժի դեմ. կհաջողվի՞ «Այլընտրանքին» կոալիցիա կազմելԳերմանիայում ծայրահեղ աջերը հաղթել են երկրամասային ընտրություններում