Նեմցովի դստերը Ռուսաստանում հեռակա 4 տարվա ազատազրկման են դատապարտել

Ժաննա Նեմցովա, արխիվ

Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանը 2015 թվականին սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի դստերը՝ Ժաննա Նեմցովային հեռակա կարգով 4 տարվա ազատազրկման է դատապարտել «անցանկալի» կազմակերպության աշխատանքը կազմակերպելու գործով: Այս մասին դատարանի դահլիճից հաղորդել է «Մեդիազոնա» պարբերականի թղթակիցը:

Նեմցովան գրել է, որ գործի առիթ է դարձել իր աշխատանքը Բորիս Նեմցովի հիմնադրամում՝ Boris Nemtsov Foundation for Freedom, որը հիմնել է 2015-ին Գերմանիայում: Ռուսաստանյան իշխանությունները 2024-ի ապրիլին «անցանկալի» կազմակերպություն են հռչակել հիմնադրամը:

Մեղադրող կողմի վարկածով՝ Նեմցովան կազմակերպում է հիմնադրամի ֆինանսավորումը և գործունեությունը, ինչպես նաև «բացասական բնութագրում է տալիս Ռուսաստանյան Դաշնությունում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների»:

Այս տարվա հուլիսի վերջին դատարանը հեռակա կալանավորել էր Ժաննա Նեմցովային, սեպտեմբերին նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել, իսկ հոկտեմբերին ՌԴ արդարադատության նախարարությունը նրան ընդգրկել էր «օտարերկրյա գործակալների» ցանկում:

Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդներից Բորիս Նեմցովը սպանվեց Մոսկվայի կենտրոնում 2015-ի փետրվարի 27-ին, սպանության պատվիրատուները մինչ օրս չեն հայտնաբերվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվան Նեմցովի դստեր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել