«Իրավաբանները արդեն ամենայն հավանականությամբ մինչև երեկո դիմած կլինեն». - Նարեկ Կարապետյանը դատի է տալիս Քննչական կոմիտեին, որ երեկ վարույթ էր հարուցել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող պատգամավորի թեկնածուի նկատմամբ՝ հայտարարելով, թե Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը:
Առաջինը այդ լուրը շրջանառեց Ազգային ժողովի նախագահը. Ալեն Սիմոնյանը իրավաբանական անձանց ռուսական ռեգիստրից ներբեռնված մի փաստաթուղթ էր հրապարակել, որում Նարեկ Կարենի Կարապետյան անուն-ազգանունով անձի դիմաց գրված էր՝ Ռուսաստանի քաղաքացի: Նարեկ Կարապետյանը ոչ միայն հերքել էր ու պնդել, որ ՌԴ քաղաքացի չէ, այլ նաև պահանջել էր, որ 24 ժամվա ընթացքում նույնն անեն իրավապահները։ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն էլ էր երեկ հայտարել , թե Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել ՌԴ քաղաքացիություն։
Ու սա միակ հերքումը չէ, որ պահանջում է «Ուժեղ Հայաստան»-ը։ Գրեթե միաժամանակ ռուսական «Ինսայդեր»-ն էլ մեկ այլ փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որի՝ ընդդիմադիր ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում նրա աշխատանքի վայրը նշված է «Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տեղեկատվական կենտրոն»:
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ինքը՝ Սամվել Կարապետյանն արձագանքել էր կարճ. - «Այդ հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է»։
Այսօր «Ազատության» հետ զրույցում նրա եղբորորդին հայտնեց, որ մի հաղորդում էլ այս մասով է լինելու, իսկ գումարը, որ կպահանջեն դատարանից պատճառված վնասի համար, հստակ նպատակով են ծախսելու. - «Այդ գումարները, որ դատական գործի շրջանակներում կգանձվի, մենք կուղղենք հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց, հիմնականում՝ պաշտոնյաներին անվճար դեղեր բաժանելու վրա, որ հնարավորություն ունենանք հավասարակշիռ պահելաձև ունենան մարդիկ»:
Արագածոտնի մարզում քարոզարշավ իրականացնող «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի առաջին համարից «Ազատություն»-ը փորձեց հասկանալ՝ արդյո՞ք նորմալ է համարում, որ քարոզարշավը վերածվել է փոխադարձ վիրավորանքների, անեծքների: Կրտսեր Կարապետյանի կարծիքով՝ ատելության խոսքը իշխող ուժն է գեներացնում, մահվան կոչերը իշխանական թևից են հնչում։
«Իրենց մոտեցումը մահեր բերելն է, մեր մոտեցումը ծննդատուն կառուցելն է»
«Կալուգացի Սամո, քեզ հարցնում եմ՝ գերդաստանումդ վեց չափահաս տղա ես ունեցել՝ երկուսը՝ քոնը, երկուսը՝ ախպորինդ, երկուսն էլ՝ քրոջինդ, ինչի՞ չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի». - Վանաձորում երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր այսպիսի հարցադրումներ անում։
Կարապետյանների տոհմի վեց զավականերից մեկը՝ Նարեկը, այսօր ակնարկեց՝ Պապիկյանի կանգնած տեղից մի քանի մետր այն կողմ իր հորեղբայրը ծննդատուն է կառուցել. - «Իրենց մոտեցումը մահեր բերել, մահեր գուժել, մահ առաջարկելն է, մեր մոտեցումը էդ ծննդատունը կառուցելն է, որ ծնունդները շատանան»:
Մա՞հ, թե՞ նոր կյանք. այս մասին Նարեկ Կարապետյանը խոսեց նաև կանգնառներից մեկում՝ Արագածավանում։
«Մի երկու օր առաջ էլ դրանից Հայաստանի վարչապետն էր նույն հայտարարությունը արել, ասել էր՝ ինչո՞ւ արցախցիները չեն մահացել: Իրենք միշտ խոսում են մահերից, իրենք բերում են մահեր: Մեզ պետք է առաջնորդ, ով երկրին վերաբերվում է հոր պես. հերը կգա՞ տուն կասի «խի՞ չես գնացել զոհվել», - հայտարարեց նա;
«Ուժեղ Հայաստան»-ին սիրող հայր է պետք, ասաց Նարեկ Կարապետյանը՝ պնդելով, թե իր միլիարդատեր հորեղբայրը համապատասխանում է այդ դերին։
Տնտեսական հրաշքների մասին էլ այստեղ խոսեց Նարեկ Կարապետյանը, արագածավանցիներն էլ Երևանից եկած պատգամավորի թեկնածու հյուրին որոշեցին զարմացնել իրենց հրաշքով՝ «Բերդ» պարելով։