«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարի՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատություն զրկելու պահանջով Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին լրագրողներին այսօր հայտնեց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը: Նիստը տեղի կունենա խորհրդարան անցած ուժերին պատգամավորական մանդատները հանձնելուց հետո:
Ինչի՞ մեջ են իրավապահները կասկածում Նարեկ Կարապետյանին. Վարդևանյանը վստահեցրեց, որ տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը: ԿԸՀ կայքում տեղադրված փաստաթղթում էլ նշված չէ:
«Հիմա պատկերացրեք Նարեկ Կարապետյանը այսօր ժամը 15:00-ին պատգամավորի կարգավիճակ է ձեռք բերում, բայց երկու ժամ անց ԿԸՀ-ն իր վերաբերյալ միջնորդություն պետք է քննի: Հերթական քաղաքական հետապնդումն է ու միջամտությունը: Որ միջամտեն ու խոչընդոտեն: Սա իրավունքի նկատմամբ ծաղր է», - ասել է փաստաբան Վարդևանյանը:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր ի պատասխան «Ազատության» հարցին՝ «արդյոք ԿԸՀ-ն իրավունք ունի՞ քննելու այս միջնորդությունը, երբ արդեն մանդատի տրամադրման վերաբերյալ ազմվել է արձանագրություն», ասաց. «Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը պահանջում է, որ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ համաձայնությամբ»:
«Ըստ էության, մինչև օգոստոսի 2-ը եթե արձանագրությունում ընտրված պատգամավորից որևէ մեկի հետ կապված քրեական հետապնդում հարուցելու խնդիր առաջանա, պիտի Դատախազությունը դիմի ԿԸՀ, համաձայնություն ստանա, նոր քրեական հետապնդումը հարուցի: Օգոստոսի 2-ի 10:00-ից սկսված արդեն պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համար Դատախազությունը պետք է դիմի խորհրդարան», - մամուլի ասուլիսում նշեց Հովակիմյանը:
Օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, ինչպես նշեց ԿԸՀ նախագահը, նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանն է լինելու:
ԿԸՀ-ն Դատախազության միջնորդությունը ստացել է հուլիսի 13-ին: Թե ինչո՞ւ են այսօր քննում այն, Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Որովհետև Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրած կարգավիճակը, ընտրված պատգամավոր և լիազորությունները չստանձնած, թեկնածուն ձեռք է բերում միայն ԿԸՀ-ի կողմից արձանագրություն կազմելուց ու մանդատները հանձնելուց հետո: Ստացվում է, որ հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 2-ի 10:00-ն է, որ արձանագրությունում ընդգրկված պատգամավորներն ունեն ընտրված, բայց լիազորությունները չստանձնած պատգամավորի կարգավիճակ»:
ԿԸՀ այլ միջնորդություններ ևս ստացել է, սակայն Հովակիմյանն ասաց՝ դրանք կվերադարձնեն, քանի որ ընտրված պատգամավորների չի վերաբերում:
Ընդհանուր առմամբ ստացել են չորս միջնորդություն, թե ո՞ւմ մասին է խոսքը, Վահագն Հովակիմյանը չհայտնեց:
«Ազատության» տեղեկություններով՝ Նարեկ Կարապետյանին առնչվող քրգործը կապ չունի նրա՝ քաղաքացի լինել-չլինելու հետ, ամենայն հավանականությամբ, ընտրությունների գործընթացին է առնչվում։ Գլխավոր դատախազությունից հրաժարվեցին մեկնաբանել՝ հղում անելով նախաքննության շահերին:
Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը հարուցվեց նախընտրական փուլում, ըստ որի՝ պատգամավորի թեկնածուն «դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը»։ Նա հերքել էր, որ այլ երկրի քաղաքացիություն է ունեցել, բայց քրեական գործը չի կարճվել:
Դատախազությունը մի անգամ էլ էր միջնորդություն ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ԿԸՀ-ն այն վերադարձրել էր, բացատրելով, որ այդ դիմումը ստացել էր ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո, սակայն չէր քննել, քանի որ զբաղված էր՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման պատճառով:
«Ընտրական օրենսգրքով պատգամավորի թեկնածուների սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը: Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը», - հայտարարել էր ԿԸՀ-ն:
Փաստացի՝ ԿԸՀ-ն նախորդ դիմումը մերժել էր, քանի որ բաց էր թողել դրա քննարկման ժամկետը, իսկ այս երկրորդը քննում է, քանի որ այն քննարկելու հնարավորությունը մինչև Ազգային ժողովի առաջին նիստը տալիս է Ընտրական օրենսգիրքը: