Ռուսաստանում վառելիքի շուկայում առաջացած ճգնաժամը հաշվի առնելով՝ ինչ կանխարգելիչ քայլեր է նախատեսում Հայաստանի կառավարությունը՝ ներքին շուկայում կայունությունն ապահովելու համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այս հարցին անդրադառնալով ասաց՝ վաղուց էին պատրաստվել սրան՝ «մոնոպոլիաները վերացնելով»:
«Տեսեք՝ աշխարհում ինչեր տեղի ունեցան, բայց Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի չունեցավ էն, ինչ նախկինում տեղի էր ունենում, երբ ինչ-որ մեկը փռշտում էր՝ Հայաստանի նավթամթերքի շուկան ցնցումների էր ենթարկվում: Մենք վաղուց նախապատրաստվել ենք դրան՝ մոնոպոլիաները վերացնելով: Եվ Հայաստանում այսօր տասնյակ բենզին ներկրողներ կան, նոր ներդրումներ կան, նոր բենզալցակայանների ցանցեր կան հներն էլ գործում են, և շուկայական կարգավորումներով այդ հարցը կկարգավորվի, մենք համոզված ենք»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանում վառելիքի խնդիր կա, Հայաստանում բենզալցակայաններն աշխատում են սովորականի պեսՌուսաստանում արդեն մի ամիս է՝ վառելիքի սակավություն է նկատվում: Վիճակը հատկապես վատ է Ռուսաստանի կողմից գրավված Ղրիմում՝ այնտեղ ընդհանրապես արգելված է քաղաքացիական անձանց բենզին վաճառել: Իսկ հենց Ռուսաստանի մարզերում՝ մի քանի տասնյակ բնակավայրերում, սահմանափակված է մեկ անձին վաճառվող վառելիքի քանակը՝ 15-30 լիտր՝ կախված տարածաշրջանից: Բենզինի սակավություն է, կիլոմետրանոց հերթեր են լցակայաններում, որոնցում երբեմն անգամ ծեծկռտուք է լինում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն ընդունել է, որ խնդիր կա: Հայտարարել է, որ ներքին շուկայում վառելիքի պակասը լրացնելու համար սկսել են պաշարներից օգտագործել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նշեց, որ գնի բարձրացումը գլոբալ վիճակի հետ է կապված. «Այսինքն՝ նավթամթերքի շուկայում գների գլոբալ ազդեցությունից մենք չենք կարող զերծ մնալ: Այլ բան, որ հիմա մենք նաև տեսանք Պարսից ծոցում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, որ շատ, թե քիչ բալանսավորված են: Էդ մարդիկ, որ հայրենասիրական մղումներով ասում են՝ վայ, Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք են ներկրում, այդ մարդիկ կուզենային, որ Հայաստանում, ամեն փռշտոցից կոլապս լիներ, իրանք էլ՝ դոշ ծեծեին, ասեին՝ այ տեսեք ...Եվ փողեր հավաքեին, գեներացնեին հայրենասիրական մղումներով ժողովրդի գրպանից, որ հետո տանեին էլի ընտրակաշառք բաժանեին, ավարտվել է այդ ժամանակները»,- հայտարարեց Փաշինյանը:
Որքան վառելիք է Հայաստանը ստանում Ռուսաստանից և այլ երկրներից: Վիճակագրական տվյալները Պետեկամուտների կոմիտեն է հավաքում: Այդ տվյալների համաձայն՝ բենզինի պարագայում Հայաստանը 2025 թվականին 2024-ի համեմատությամբ մոտ երեք անգամ պակասեցրել է բենզինի ներկրումը Ռուսաստանից. եթե 2024-ին ընդհանուր 212 հազար տոննա բենզինից 145 հազարն էր Ռուսաստանը մատակարարել, ապա 2025-ին ներմուծված 220 հազար տոննայից Ռուսաստանը միայն 56 հազար տոննան է մատակարարել: Մոտ 120 հազար տոննա բենզին Հայաստանը 2025-ին ներմուծել է Եգիպտոսից և Ռումինիայից, մի քանի տասնյակ հազար տոննա՝ նաև Բուլղարիայից, Կիպրոսից ու Հունաստանից, և հազար տոննայից մի քիչ ավելի՝ Ադրբեջանից:
Դիզվառելիքի դեպքում, սակայն, Ռուսաստանը դեռ առաջատար մատակարար է՝ 2025-ին ընդհանուր մոտ180 հազար տոննա ներմուծված դիզվառելիքից Ռուսաստանը 150 հազար տոննան է մատակարարել: 2024-ին Ռուսաստանը մոտ 160 հազար տոննա դիզվառելիքից 151 հազար տոննան էր մատակարարել: