Ռուսաստանի զինված ուժերը կուժեղացնեն հարվածները Կիևում և Ուկրաինայի այլ մարզերում ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտներին՝ ռուսաստանյան նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներն ընդլայնելու մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարությունից հետո: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Ուկրաինայի բնակչությունը դրա համար թող մեղադրի միայն կիևյան ռեժիմի ղեկավարին: Հենց Զելենսկին է լիակատար անձնական և քաղաքական պատասխանատվություն կրում դրա համար», - ասված է հաղորդագրությունում:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ը պնդել է, թե Կիևին և ուկրաինական մյուս տարածաշրջաններին զանգվածային հարվածներ է հասցնում «հենց ի պատասխան կիևյան ռեժիմի պարագլխի գործողությունների»:
Պաշտոնական Մոսկվան նախօրեին զգուշացրել էր օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների անձնակազմերին, չմնալ Ուկրաինայում և չճամփորդել երկրի տարածքում:
«Հնարավոր բացասական հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է այս նախազգուշացումն անտեսողների վրա», - հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարարությունը:
Վլադիմիր Զելենսկու պնդմամբ՝ Ուկրաինայի հետախուզական ծառայությունները ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «նոր դոկտրին» է արձակել ձմռան նախաշեմին քաղաքացիական թիրախների ավելի լայն շրջանակի վրա հարձակումների վերաբերյալ:
Ուկրաինական ուժերը կշարունակեն թիրախավորել ռուսաստանյան էներգետիկ կառույցները և հատկապես նավթավերամշակման գործարանները, որոնք ֆինանսավորում են Կրեմլի պատերազմը, հայտարարել է Ուկրաինայի նախագահը Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: