Այսօր Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ:
ՀՀ ԱԳՄԱՆ լրատվականի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման մասնակիցները քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացման ընթացքը:
Նախարարներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերություններին: Ընդգծվել է դեպի Գերմանիա հայկական արտադրության ապրանքների արտահանման դրական դինամիկան, որի առավել ակտիվացմանը կարող են նպաստել Եվրամիության կողմից ընդունված ինքնավար առևտրային միջոցները:
Միրզոյանը Վադեֆուլին ներկայացրել է Հարավային Կովկասում փոխկապակցվածության և համագործակցության խթանմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքների ցանցի զարգացմանը և էներգետիկ դիմակայունության բարձրացմանը միտված կոնկրետ քայլերին, ասված է հաղորդագրությունում:
Նախօրեին Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Լեհաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լեհաստան գործընկերության հարցեր՝ ընդգծելով բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչման կարևորությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցության խորացմանը։ Ընդգծվել է Լեհաստանի շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալների աճի դրական դինամիկան և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվականի հաղորդագրությունում: