Մատչելիության հղումներ

Սիբիհան Միրզոյանին հրավիրել է այցելել Ուկրաինա

Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Ուկրաինա։ Այս մասին Սիբիհան հայտնել է X-ում՝ Վարշավայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։

Ուկրաինացի նախարարի խոսքով՝ քննարկել են քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ամրապնդումը, ինչպես նաև առևտրի ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում, սակայն, Ուկրաինա այցելելու հրավերի մասին որևէ հիշատակում չկա։

Հայկական կողմը հայտնել է, որ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, առևտրային կապերի ընդլայնումը, միջազգային ու տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև խաղաղության հնարավորությունները։

Երևանի և Կիևի ակտիվացող շփումները տեղի են ունենում հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին։ Մոսկվան վերջին ամիսներին քննադատել է Հայաստանի իշխանություններին Ուկրաինայի հետ շփումների համար՝ դրանք որակելով «Կիևի ռեժիմի հետ ցուցադրական սիրախաղ»։

Անցած շաբաթ էլ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել էր, թե Հայաստանի համար ամենավատ զարգացումը «նոր Ուկրաինայի» վերածվելն է։


​
XS
SM
MD
LG