ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանից և ԱՄԷ-ից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ընթացակարգերի դյուրացման համար: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ՀՀ կողմից ևս ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել Օմանի քաղաքացիների տեղափոխման հարցերում:
FlyOne ավիաընկերության ինքնաթիռն այսօր առավոտյան Երևան է վերադարձել Օմանի մայրաքաղաք Մասկատից: Չվերթը մասնավոր էր, վաղը երեկոյան նախատեսված է ևս մեկ չվերթ: Մերձավորարևելյան պատերազմի պատճառով Ծոցի տարբեր երկրներում մնացած ՀՀ քաղաքացիները, որ ցանկանում են այդ չվերթով Երևան վերադառնալ, պետք է վճարեն թռիչքի դիմաց: ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն այսօր հաղորդել էր, որ ԱՄԷ-ից Օման տեղափոխությունը կլինի անվճար:
Ավելի վաղ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր թռիչքների չեղարկման պատճառով Աբու Դաբիում մնացած քաղաքացիների տեղափոխումը կազմակերպելու համար թռիչք նախապատրաստելու աշխատանքների մասին։ Նշել էին՝ «այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են հայտ լրացնել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ FlyOne-ի ինքնաթիռն ուղևորվել է Օման, դեպի Երևան չվերթը մասնավոր է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չեղարկված թռիչքներ և կրուիզներ Մերձավոր Արևելքում. հայերը չեն կարողանում վերադառնալ Հայաստան