Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-25-ը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին:
Հայաստանի ԱԳՄԱ նախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Ազատությանը» հայտնել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսվում է իր հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Արարատ Միրզոյանն ասել էր, որ հանդիպումը կախված է կողմերի գրաֆիկներից և վերջնական պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել։
Արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում, սակայն, Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին նշված չէ:
Ադրբեջանի արտգործնախարարը սեպտեմբերի 20-ին է մեկնել Նյու Յորք:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս սեպտեմբերի 22-25-ը աշխատանքային այցով կգտնվի Միացյալ Նահանգներում։ Նյու Յորքում նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին և ելույթ կունենա բարձրաստիճան հատվածում։
Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ հանդիպել էին սեպտեմբերի սկզբին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։