Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Փեզեշքիանի և Ղալիբաֆի հետ

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնակցի հետ բանակցություններից հետո հանդիպումներ է ունեցել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆ հետ։

Միրզոյանը Փեզեշքյանին ներկայացրել է Իրանի սահմանով անցնող հայ - ամերիկյան TRIPP նախագծի իրականացման ընթացքը:

Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ TRIPP նախագիծը շահավետ է նաև տարածաշրջանի գերտերությունների՝ Ռուսաստանի և Իրանի համար: Բայց ԱՄՆ-ի հետ պատերազմող Իրանը մի շարք վերապահումներ ունի Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ծրագրի առնչությամբ: Օրերս Երևանում Իրանի դեսպանը, մասնավորապես, ասել էր, թե Թեհրանը դեմ չի լինի հայ - ամերիկյան նախագծին, եթե իր հարևան տարածքներում Միացյալ Նահանգների ռազմական կամ անվտանգային ներկայությունը բացառվի, և եթե այն չվնասի Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, քանի որ Թեհրանի համար անընդունելի է Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական կամ տարածքային փոփոխություն։

Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ Միրզոյան-Փեզեշքյան հանդիպմանը հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին: Նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։

Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահը քննարկել են նաև Երևանում կայանալիք COP17 համաժողովին Իրանի՝ բարձր մակարդակով մասնակցության հարցը:

Միրզոյան-Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել են Հայաստանն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների սահուն ընթացքի ապահովման ուղղությամբ ակտիվ աշխատանքները: Խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը ևս Միրզոյանն ընդգծել է TRIPP նախագծի իրականացման արդյունքում երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները, որոնք «նոր հնարավորություններ կընձեռեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»:

Նրանք մտքեր են փոխանակել համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության հետագա խթանման հարցերի շուրջ՝ որպես խաղաղության և ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն:

Այսօր ավելի վաղ հանդիպել էին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարը: Այս բանակցությունների առանցքում ևս հայ - ամերիկյան TRIPP նախագիծն էր եղել, որի վերաբերյալ Իրանը որոշակի վերապահումներ ունի:

Միրզոյանի պաշտոնական այցը հարևան երկրիր տեղի է ունենում հայ պաշտոնյաների այն հայտարարությունների ֆոնին, թե արդեն հաջորդ տարվա սկզբին կմեկնարկի TRIPP-ի շինարարությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը 2026-ին հյուրընկալելու է COP17-ը