Հայաստանի արտաքին գործերի նախարարն այսօր Թեհրանում իր պաշտոնակցին է ներկայացրել Իրանի սահմանով անցնող հայ - ամերիկյան TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռնվող նոր հնարավորությունները, հաղորդում է պաշտոնական Երևանը:
«Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչի մտքեր են փոխանակել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող առավելությունների և տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի շուրջ: Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին [խմբ. - սա Հայաստանի կառավարության մշակած տարածաշրջանային ապաշրջափակման ծրագիրն է]», - նշված է հաղորդագրությունում:
Պաշտոնական Երևանը վստահեցնում է, որ TRIPP նախագիծը շահավետ է նաև տարածաշրջանի գերտերությունների՝ Ռուսաստանի և Իրանի համար: Բայց ԱՄՆ-ի հետ պատերազմող Իրանը մի շարք վերապահումներ ունի Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ծրագրի առնչությամբ: Օրերս Երևանում Իրանի դեսպանը, մասնավորապես, ասել էր, թե Թեհրանը դեմ չի լինի հայ - ամերիկյան նախագծին, եթե իր հարևան տարածքներում Միացյալ Նահանգների ռազմական կամ անվտանգային ներկայությունը բացառվի, և եթե այն չվնասի Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, քանի որ Թեհրանի համար անընդունելի է Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական կամ տարածքային փոփոխություն։
Միրզոյանը և Արաղչին քննարկել են նաև երկկողմ համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Անդրադարձել են նաև Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարևորությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերին:
«Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման բոլոր հարցերը: Երկուստեք ընդգծվել է հարաբերությունների ռազմավարական բնույթը, ինչն արտացոլված է Հայաստանի կառավարության 2026-2031թթ. ծրագրում», - փոխանցում է Հայաստանի արտգործնախարարությունը:
Անդրադարձ է եղել նաև ԱՄՆ-Իրան կոնֆլիկտին, թեև պաշտոնական Երևանը հաղորդագրությունում ուղիղ չի խոսում այդ մասին, տեքստում միայն նշված է. - «Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ընթացիկ իրավիճակին՝ կարևորելով բանակցային ճանապարհով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը»:
Պաշտոնական Թեհրանն առայժմ Արաղչի - Միրզոյան հանդիպումից մանրամասներ չի ներկայացրել: ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտնել էր, թե Հայաստանի արտգործնախարարի այցը Թեհրան իրականացվում է Իրանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ամրապնդման ուղղությամբ ընթացող խորհրդակցությունների շրջանակում։