Միրզոյան. «Գնանք հանրաքվեի, եթե նոր Սահմանադրությունը չանցնի, հրաժարական կտանք»

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում, արխիվ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդդիմությանն առաջարկում է աջակցել իրենց՝ նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում հաստատելուն, ապա գնալ հանրաքվեի. եթե հանրաքվեով այն չանցնի, ասաց՝ հրաժարական կտան, կհեռանան:

«Ուզո՞ւմ եք խաղաղության պայմանագիր, վերաբանակցել չե՞ք ուզում, ահա, սա շատ կարևոր պատմական արձանագրում է՝ ընդդիմադիր խմբակցությունը համարում է, որ նախաստորագրված տեքստը վերաբանակցելու կարիք չկա: Ուզո՞ւմ եք մեզ իշխանությունից հեռացնել, ուզո՞ւմ եք, ընտի՛ր: Հասկացե՞լ եք, որ մեզ հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է, մնացածը չի անցնում. ռազմական հեղաշրջում փորձել եք, կղերաֆեոդալական շարժում փորձել եք, մահափորձ փորձել եք, կաշառել փորձում եք մինչև հիմա, ֆիքսենք՝ մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը ընտրությունն է: Հետևաբար՝ ձեզ օր առաջ պետք է գնալ ժողովրդի մոտ քվեարկության: Եկեք մենք բերենք Սահմանադրությունը, դուք այստեղից ասեք՝ «այս նախագիծը դատապարտում ենք, գնանք հանրաքվեի»: Դա առիթ է, ժողովուրդը կասի՝ «ոչ», մենք հրաժարական կտանք, կգնանք», - խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Միրզոյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այն որակեց հետաքրքիր առաջարկ, իսկ խաղաղության պայմանագրի չստորագրման պատճառներով հետաքրքրվող՝ խորհրդարանի փոխխոսնակ Արամ Վարդևանյանը հարցրեց. - «Ձեր առաջարկածը վստահության հանրաքվե՞ն է»:

Արարատ Միրզոյանը պարզաբանեց, որ ոչ՝ Սահմանադրության:

«Դրա հետ մեկտեղ դնո՞ւմ եք ձեր վստահության հանրաքվեն»,- շարունակեց Վարդևանյանը:

Միրզոյանն էլ արձագանքեց, թե իրենք պատասխանատու ուժ են:

Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն Ադրբեջանը շարունակում է պնդել Սահմանադրության փոփոխության պահանջը, նաև ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արեգա Հովսեփյանի հարցին, թե Հիմնական օրենքի փոփոխությունից բացի է՞լ ինչ նախապայման ունի Բաքուն:

«Ադրբեջանը բանակցությունների ընթացքում Հայաստանի առջև Սահմանադրությունը փոխելու պահանջ չի դնում, ուղղակի մենք որ ասում ենք՝ «եկեք ստորագրենք», իրենք ասում են՝ «մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի»: Ադրբեջանը հրապարակային ասում է՝ «փոխված չտեսնենք, չհանգստանանք՝ չենք ստորագրի պայմանագիրը»: Մենք էլ ասում ենք՝ ամեն ինչ պետք է անենք, որ ստորագրենք»,- նշեց արտգործնախարարը:

Միրզոյանը կոչ արեց ընդդիմությանը այս հարցում համագործակցել:

Հովսեփյանը խնդրեց հստակեցնել՝ սա վերջի՞ն նախապայմանն է, որ Բաքուն ներկայացնում է Երևանին:

«Իրենք չեն ասում՝ «գնացեք, սա արեք, հետո եկեք», իրենք ասում են՝ «այո, դա ձեր գործն է, բայց [...] մինչև դա չկա, մեզ մի ասեք՝ եկեք ստորագրենք», - արձագանքեց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դավթյանի հարցին՝ ինչո՞ւ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պայմանը չի որակվում որպես խաղաղության գործընթացը խաթարող վարք, արձագանքեց. - «Ադրբեջանի հետ բանակցություններում մենք ասում ենք, որ մեր Սահմանադրության հարցը չենք քննարկելու որևէ արտաքին սուբյեկտի հետ»:

«Երբեմն տպավորություն է, որ նման հայտարարություններն արվում են ներքաղաքական անկայունություն հրահրելու համար, այդ հայտարարությունները սնում են ընդդիմությանը: Պաշտոնական մակարդակում մենք ասում ենք՝ չենք քննարկում Սահմանադրության հարց, մեզ ասվում է՝ «չենք բարձրացնում Սահմանադրության հարց»: Մենք պարզապես, քանի որ քննարկում է, տեղեկացնում ենք, որ ունենք այդպիսի ընկալում խնդրի վերաբերյալ», - ասաց Փաշինյանը:

«Մեր նախընտրական ծրագրում է նոր Սահմանադրության ընդունման հարցը, նաև՝ Կառավարության ծրագրում: Առաջիկայում տեքստը կհրապարակվի, այդ թվում՝ խորհրդարանի հետ կսկսենք քննարկում», - Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետը:

Ընդդիմությունն ընդհանուր առմամբ քննադատում է իշխանությանը, որ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման TRIPP-ը համաձայնագիրը վավերացրեցին, արտգործնախարար Միրզոյանը ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր կոչ արեց ընդդիմությանը աջակցել «Քաղաքացիական պայմանագրին» նոր Սահմանադրության ընդունման համար:

«Այդքան մտահոգ եք՝ եկեք հաստատենք, գնանք Սահմանադրության հանրաքվեի», - ընդդիմությանը դիմեց նախարարը:

Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Չի կարող լինել ևս մեկ նախապայման». Միրզոյանը՝ Հաջիևի հայտարարության մասինՀաջիև. Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ թղթի վրաԲայրամովի պնդմամբ՝ Սահմանադրության փոփոխությունը համապատասխանում է հենց Հայաստանի իշխանության շահերին