3.5 միլիարդ դրամի խրախուսում պետական համակարգին

Կառավարության նիստ, դեկտեմբեր, 2025թ.

3.5 միլիարդ դրամի խրախուսում պետական համակարգին. տարեվերջին Փաշինյանի կառավարությունը պարգևատրել է 16 պետական կառույցների աշխատողներին, այն անվանել խրախուսում, սահմանել դրա կարգը, բայց չի հանրայնացրել բարձրաստիճան պաշտոնյաներին տված գումարների կոնկրետ չափը:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես լավ աշխատանքի արդյունք ստացել է մոտ 7 միլիոն դրամ, այսինքն՝ մոտ 18 հազար դոլար:

«Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից հետո, երբ նշանակվեցի նախարարի պաշտոնում, իմ աշխատավարձը տարբերվում էր ինձ համար անբարենպաստ տեսանկյունից, որովհետև ուղղակի իջեցվել էր», - լրագրողներին այսօր ասաց նախարարը:

Ի տարբերություն Գալյանի՝ վեցանիշ թվերով խրախուսված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ու ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը գաղտնի են պահում գումարի չափը: Ասում են՝ կհայտարարագրենք, կիմանաք: Այնինչ, հայտարարագրման համակարգը թույլ չի տալիս իմանալ, թե կոնկրետ մեկ ամսվա ընթացքում պաշտոնատար անձի ստացած աշխատավարձը որքան է, հայտարարագրում ներկայացվում է տարեկան եկամուտների, այդ թվում՝ վարձատրության չափը:

«Թե ես ինչքան եմ ստացել, դա անձնական տվյալ է, խնդրում եմ հարգանքով վերաբերվել: Հայտարարագրելու եմ սահմանված ժամկետում», - ասաց Պողոսյանը:

«Թեև դա ինչ-որ իմաստով անձնական տվյալ է, բայց դա հրապարակվում է, և այնտեղ գրվում է», - նշեց Թորոսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անտեսված է թոշակառուն, պիտի քիչ ուտես, քիչ տաքանաս». թոշակառուներն արձագանքում են իշխանություններին

Հայաստանում, որտեղ 5-ից մեկը աղքատ է, որքանո՞վ են արդյունավետ նման խրախուսումները. բարձրաստիճան պաշտոնյաները համոզված են՝ դա անհրաժեշտություն է ու արվում է պետական համակարգում պրոֆեսիոնալներին պահելու համար:

«Ազատության» տվյալներով՝ մի քանի միլիոնանոց պարգևավճար ստացել են բարձրաստիճանները, շարքային աշխատողների ստացածը մեկ ամսվա ամբողջական աշխատավարձից էլ քիչ է եղել:

«Կառավարությունը կարող էր գնալ շատ ավելի ռադիկալ որոշման, և ապագայում կարծում եմ, որ պետք է գնա այդ ճանապարհով, որ վերանայի պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության համապատասխան գործակիցները, բայց քանի որ դա կլիներ տևական պրոցես, այս պահին որոշում է կայացվել կառավարության կատարողականի, այսինքն՝ աշխատանքների իրականացման ծավալի հիման վրա որոշակի տոկոսային հարաբերությամբ տրամադրել համապատասխան պարգևավճարներ», - նշեց Սրբուհի Գալյանը:

Ինչո՞ւ նույն ոգևորությամբ կառավարությունը չի բարձրացնում թոշակները, նախարարն արձագանքեց. «Ո՛չ, խոստացել ենք, արել ենք և արել ենք բաներ, որոնք նույնիսկ չենք էլ խոստացել, օրինակ՝ հետվճարի ինստիտուտի մասին խոսակցություն չի եղել, բայց այսօր կարողանում են ստանալ, քեշբեքի տոկոսը վճարվել է, ինչը փաստացի կրկին բերել է թոշակների բարձրացման»:

Թոշակներն անուղղակի բարձրացրել են, բայց աշխատավարձերը ցածր են. իր մոտ 7 միլիոն պարգևավճարի մասին որոշումը նախարարն արդարացնում է պետական ապարատի ցածր վարձատրությամբ: Ընդ որում, Գալյանի ստացած 7 միլիոն դրամը մեկ թոշակառուի մոտ 11 տարվա թոշակն է:

Բայց վերջերս նախարարը լրագրողներին պարզաբանել էր, թե ինչպես է գնել իր 100 հազար դոլարանոց բնակարանը: Լավ է սովորել, լավ աշխատանք ունի, ասել էր 13 տարվա աշխատանքային փորձ ունեցող Գալյանը. «Լավ եմ սովորել ժամանակին, ունեմ աշխատանք, որը վարձատրվում է բավականին լավ, ինչը ինձ հնարավորություն է տալիս վերցնել վարկ ու մարել վարկը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատգամավորները ցածր են ստանում, դա մեծագույն խնդիր է». Ալեն Սիմոնյան

«Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում», - հայտարարում էր վարչապետն ամիսներ առաջ: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում խոսում էր գիտելիքի պակասից, այդ թվում՝ կառավարությունում. «Գիտելիքի պակասն ու կրթությունը վերաբերում է հավասարապես անհատին ու կառավարությանը: Մենք մեր գիտելիքի պակասի մասին էլ պիտի մտածենք»:

Եթե կառավարությունն ընդունում է գիտելիքի և պրոֆեսիոնալիզմի պակասը, ապա ինչո՞ւ է նույն կազմին տարեվերջին բազմամիլիոնանոց պարգևներ շնորհում։ Նույն վարչապետն ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ արդեն իր կաբինետը ստացել էր միլիոնանոց պարգևավճարները, արդարացրել էր այսպես կոչված՝ 13-րդ աշխատավարձը, ավելին՝ լրագրողներին հորդորել անդրադառնալ, օրինակ, ՀԷՑ-ում ժամանակին տրված պարգևավճարներին:

«Քաղաքական կոռուպցիա է»

Սա քաղաքական կոռուպցիա է՝ «Ազատության» հետ զրույցում կառավարության այս քայլն է գնահատում «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը:

«Քաղաքական կոռուպցիան նրանում է, որ նախընտրական տարի է, և պետք է լոյալություն ապահովեն, որ ձայներ ստանան ընտրություններին», - ասաց նա:

Հոկտանյանն ընդգծեց՝ ավելի քան 3 միլիարդ գումարը կառավարությունը կարող էր ուղղել այլ ոլորտների, որոնց զարգացմամբ հնարավորություն կլիներ նաև բարձրացնել թոշակները: Չեն գնացել այդ քայլին ընտրություններին ընդառաջ, որ շռայլ պարգևատրված պաշտոնյաները ձայներ ապահովեն իշխող թիմի համար, համոզված է նա: