Միքայել արքեպիսկոպոսի վիրահատությունը բարեհաջող է անցել. փաստաբան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վիրահատությունը քիչ առաջ ավարտվել է, հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ՝ վիրահատությունն անցել է բարեհաջող:

Սրբազանը դեկտեմբերի 16-ին տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Ավելի վաղ քրեակատարողական բժշկության կենտրոնն առաջարկել էր սրբազանին վիրահատել պետության հաշվին իրենց առաջարկած հիվանդանոցում, բայց արքեպիսկոպոսը պնդել էր, որ իր բժիշկն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, այնտեղ էլ մտադիր է վիրահատվել:

Երկու տարվա ազատազրկման դատապարտված Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար, մեղքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում: