Միայն երկու ընտրատեղամասի վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ ձայները կավելանան 92-ով

Թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկը, 9-ը հունիսի, 2026թ.

Միայն Կոտայքի մարզի երկու տեղամասերի վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի ձայները կավելանան 92-ով: Վերահաշվարկը հաստատեց կուսակցության այն պնդումը, որ արձանագրությունների համաձայն՝ թիվ 27/7 ընտրատեղամասում Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը ստացել է 77 ձայն, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում գրանցել է ընդամենը 1 ձայն, թիվ 27/26 ընտրատեղամասում ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն, բայց ԿԸՀ-ն արձանագրել է ընդամենը 3-ը:

«... 74, 75, 76, 77, ինչքա՞ն է արձանագրությունում՝ 77: Համապատասխանում է թիվը քվեաթերթիկների արձանագրության թվի հետ», - հայտարարեց թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

Ինչպե՞ս էր ստացվել, որ միայն երկու տեղամասում ԲՀԿ ձայները ԿԸՀ-ն 92-ով պակաս էր արձանագրել: Թիվ 27 ԸԸՀ նախագահ Արամ Հովհաննիսյանը վստահեցրեց՝ որևէ միտում չի եղել, ծրագրի գերծանրաբեռնվածության պատճառով բոլորի թվերը մեկ տողով տեղաշարժվել են:

«Մուտքագրման ժամանակ կայքի գերծանրաբեռնվածությունից ինքը կախում էր, անընդհատ կախում էր, մուտքագրելու առաջին տողը թռել է, մնացած տողերը մեկ վանդակով բարձրացել են վերև: Մենակ մի կուսակցությանը չի, բոլորինը մեկ թվով շեղվել է, մեկ վանդակով շեղվել է առաջ: Բացարձակապես միտում չկա», - ասաց Հովհաննիսյանը:

«Առաջին անգա՞մ է նման բան տեղի ունեցել ընտրական պատմության մեջ», - «Ազատության» այս հարցին նա արձագանքեց. - «Ես պատմությունից տեղյակ չեմ, ես առաջին անգամ եմ հանձնաժողովի նախագահ, պատմությունը չեմ կարող ասել՝ առաջին անգա՞մ է, թե՞ որերորդ»:

Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ն ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է 3.996 տոկոս ձայն, այսինքն՝ խորհրդարան անցնելու համար նրան պակասում է 0.004 տոկոս ձայն: ԲՀԿ-ականների հաշվարկներով՝ խոսքն ընդամենը 60 պակասող ձայնի մասին է, ոչ ավելի, քան 100-ը: Մինչդեռ չորս ընտրատեղամասի անճշտությունները եթե վերացվեն, որոնք, ըստ ընդդիմադիր կուսակցության, կազմում են 120 ձայն, իրենց խորհրդարան անցնելու հարցը կլուծվի:

ԿԸՀ-ից խոստանում են ուղղել անճշտությունները, թվերը կամրագրվեն արդեն ուրբաթ օրը հրապարակվելիք քաղվածքներում և կարտացոլվեն կիրակի օրը, երբ հրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները:

ԿԸՀ-ից շեշտում են՝ միայն վերջնական արդյունքների հրապարակումից հետո պարզ կլինի՝ ԲՀԿ-ն անցնո՞ւմ է խորհրդարան, թե՞ ոչ:

ԲՀԿ-ի խորհրդարանում հայտնվելը էական նշանակություն ունի թե՛ իշխող ուժի և թե՛ ընդդիմության համար:

Եթե Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» ու Ռոբերտ Քոչարյանի
«Հայաստան» դաշինքների հետ միասին խորհրդարան անցնի նաև «Բարգավաճ Հայաստան»-ը, ապա մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ն Ազգային ժողովում չի ունենա 3/5, ինչն անհրաժեշտ է սահմանադրական օրենքներ ընդունելու և մի շարք կաևորագույն պաշտոնների, օրինակ՝ գլխավոր դատախազի, ԿԸՀ նախագահի, ՍԴ դատավորի ընտրության համար:

Նաև այս հանգամանքը հաշվի առնելով է, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր հետագա քայլերի մասին հայտարարելուց առաջ սպասում է վերահաշվարկի արդյունքներին ու ԲՀԿ ճակատագրին:

«Գնում է ձայների վերահաշվարկ, ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտնում է՞, թե՞ չէ: Այդ դեպքում հնարավորությունը կհասկանանք արդեն՝ Ազգային ժողովը արդեն հնարավորություն կունենա՞ գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընդունելու ժամանակ ընդդիմությունը իր խոսքը ասի, որից հետո պարզ կլինի՝ Ազգային ժողովը կունենա՞ գործիքակազմ դեմ կանգնելու, քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել, դեմ կանգնելու ապօրինություններին՝ հիմնականում Դատախազության հետ կապված», - հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը:

Ի դեպ, վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել ոչ միայն ԲՀԿ-ն, այլև «Ուժեղ Հայաստան»-ն ու «Հայաստան»-ը: ԲՀԿ-ի օրինակով՝ «Հայաստան»-ի դեպքում էլ տեղամասերի արձանագրությունների ու ԿԸՀ կայքի տվյալների միջև կան անհապապատասխանություններ:

Ընդ որում, նույն խնդրի առջև է կանգնել նաև մեծամասնություն ստացած իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը տեղեկացրել է, որ նույն թիվ 27/26 տեղամասում ՔՊ-ի ստացած 524 ձայնի փոխարեն ԿԸՀ կայք է անցկացվել «Հայաստան» դաշինքի 112 ձայնը, ՔՊ-ի ձայներն էլ գնացել են ԴՕԿ-ին։

Աղաղակող անճշտությունների մասին այսօր բարձրաձայնում էր նաև շուրջ 7 հազար ձայն ստացած ու խորհրդարանից դուրս մնացած «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, պնդելով՝ իրենց ձայները միտումնավոր են կեղծվել:

«Այսինքն՝ կեղծել եք դուք: Հիմա ասենք՝ Քոչարյանը կեղծում էր ընտրությունները, Սերժը կեղծում էր, նույն սիստեմի վրա նստել ես, նույն ձևի կեղծում ես, նույն ձևի կեղծել ես: Սրա համար պետք է գլխով պատասխան տաք բոլորդ՝ մարզային հանձնաժողովներից մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ու անձամբ դու, Նիկոլ: Փաստը ձեռիս հեսա ցույց եմ տալիս. տեսեք, սովորական, տարրական ասենք բան, պուճուր ընտրակեղծարարներ», - հայտարարեց Մարուքյանը:

«Հազար անգամ ասել են, չէ՞, «ես ընտրությունները կեղծեմ՝ թևս կկտրեմ, չգիտեմ ինչ կանեմ, ոտս կջարդեմ, բան», ինչ ասես ասել է: Փաստ՝ էս զրո ձայն մուտքագրելը քրեորեն հետապնդելի արարք է՝ արձանագրություն է կեղծվել», - ընդգծեց «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը:

Իշխանությունը, մինչդեռ, հերքում է միտումնավոր կեղծիքների մասին պնդումները՝ շեշտելով, որ խնդիրները զուտ տեխնիկական են:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, օրենքի համաձայն, վերահաշվարկը կավարտի ուրբաթ օրը ժամը 12-ին, իսկ կիրակի արդեն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԲՀԿ-ի արձանագրած անճշտությունները կուղղվեն և կարտացոլվեն քաղվածքներում ու վերջնական արդյունքներում. ԿԸՀ«Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքներըՎերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 ԸԸՀ Սպասում ենք՝ ԲՀԿ-ն կմտնի ԱԺ, թե՞ ոչ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ ԿարապետյանԲՀԿ-ն այս պահին վերահաշվարկի գործընթացի մեջ էԳլխավոր ինտրիգը՝ ԲՀԿ-ն կանցնի՞ արդյոք խորհրդարան