«Միասնության թևերն» ու ԼՀԿ-ն ԿԸՀ ներկայացրին իրենց փաստաթղթերը

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցությունը քիչ առաջ իր փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ:

Կուսակցության ներակայացուցիչների փոխանցմամբ՝ ընտրացուցակում ընդգրկված է 80 անձ: Ցուցակում ներառված են նաև «Շանթ» կուսակցության, «Առաջ արժանապատվության» շարժման անդամները: Ցուցակը գլխավորում է Արման Թաթոյանը, երկրորդ տեղում ՊԵԿ նախկին նածագահ Դավիթ Անանյանն է, երրորդում՝ Հասմիկ Ղազարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ չստացվեց համագործակցությունը Ավետիք Չալաբյանի «Հայաքվեի» հետ, որի հետ ի սկզբանե պատրաստվում էին մասնակցել ընտրություններին, կուսակցության նախագահ Արմեն Գալստյանն ասաց, որ խնդիրը ընտրացուցակներում տեղերի դասավորվածությունը չէր:

«Որոշակի հարցեր էին, որոնք պետք է համաձայնեցվեցին՝ միասնական հանդես գալու համար», - ասաց նա՝ նշելով, որ ծրագրային մոտեցումներում տարբերություններ կային:

ԿԸՀ իր փաստաթղթերն այսօր ներկայացրեց նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Այն գլխավորում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, երկրորդ տեղում Կարպիս Փաշոյանն է, երրորդում՝ Շուշան Ավագյանը: «Լուսավոր Հայաստանի» ցուցակը 98 հոգանոց է:

Լիազոր ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը հերքեց պնդումը, թե իրենց քաղաքական ուժը ընտրապայքար է մտել՝ «փոշիացնելու» ընդդիմության ձայները:

Իսկ ում հետ չե՞ն համագործակցի, Խաժակյանն ասաց. «Իշխող ուժի հետ այլևս մատաղ ուտելու անգամ չենք գնալու: Մնացյալը ցույց կտա խորհրդարանում ընդհանուր պատկերը»:

Այսօր լրանում է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում մասնակցության համար քաղաքական ուժերի փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը:

Իրենց ընտրացուցակներն ավելի վաղ ներկայացրել էին «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ապրելու երկիրն» ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստանի» հետ ՔՊ-ն ԿԸՀ ներկայացրեց առաջադրման փաստաթղթերըԲՀԿ-ն առաջադրման թղթերը ներկայացրել է ԿԸՀ«Ուժեղ Հայաստան»-ում դաշինքը չգրանցելու միտում են տեսնում