Մատչելիության հղումներ

ՔՊ-ն ԿԸՀ ներկայացրեց առաջադրման փաստաթղթերը

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել առաջադրման փաստաթղթերը: Նախընտրական ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկրորդ տեղում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է, եռյակն ամփոփում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Վստահ եմ, որ կլուծենք մեր առջև դրված Սահմանադրական մեծամասնություն ստանալու խնդիրը: Մեր վերջին շփումները հանրության հետ, միտումները, գործընթացները ցույց են տալիս, որ մենք ունենք նման հնարավորություն», - հայտարարել է կուսակցության փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով բերած վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ աշխատանքային օրվա ավարտին առաջինը ու միակ ուժը, որ առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել, «Քաղաքացիական պայմանագիր»-ն է:

Միաժամանակ հանձնաժողովից տեղեկացնում են, որ ևս 20 քաղաքական ուժ ԿԸՀ-ում արդեն առաջադրման օգտահաշիվ է բացել, ինչը պարտադիր նախապայման է, սակայն դեռ չի ենթադրում, որ փաստաթղթեր կներկայացնեն:

Առաջադրումները մեկնարկել են երկուշաբթի՝ ապրիլի 13-ին, փաստաթղթերը հանձնելու վերջին օրը ապրիլի 23-ն է:

Ի դեպ, իշխող ուժը արդեն նաև դիմել է Երևանի քաղաքապետարան՝ հունիսի 4-ին, 5-ին, ինչպես նաև՝ ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 8-ին, Հանրապետության հրապարակում հավաքներ անցկացնելու համար:

XS
SM
MD
LG