Խորհրդարանում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը, այդ պաշտոնում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Լիլիթ Գալստյանին։ Ազգային ժողովի փոխնախագահ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց Լիլիթ Գալստյանին, որից հետո ԱԺ-ում իրավիճակը մի փոքր լարվեց.
«Քանի որ Ձեր գործընկերոջը՝ Արթուր Սարգսյանին, Վազգեն Գալստանյանին և մյուսներին արդար եք անվանում, որոնք դատվում են տեռորիզմի նախապատրաստության գործով, որ Ուսամա Բեն Լադենը Հայաստանում դատապարտված լիներ, Դուք նրան արդար անվանելո՞ւ Էիք»,- հարցրեց Ալեքսանյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ անթույլատրելի է համարում համեմատությունը. «Ես անթույլատրելի եմ համարում Բագրատ արքեպիսկոպոս սրբազանի կոնտեքստում Ուսամա Բեն Լադենի հետ համեմատությունը: Կարծում եմ բացարձակապես կոռեկտ չի: Դուք նաև վիրավորում եք ինձ՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալի: Ես անթույլատրելի եմ համարում, ինձ թույլ չեմ տամ դատողություն անել և այս համեմատության շուրջ եզրակացություն անել»:
Վահագն Ալեքսանյանը արձագանքելով Լիլիթ Գալստյանին, ասաց. «Ես առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում այդ երկու անձանց մեջ: Իմ կրոնական ազատություններն էլ վիրավորվում են, երբ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորն իրեն պահում է ջիհադիստի պես»: Ալեքսանյանի այս խոսքից հետո իրավիճակն ԱԺ-ում մի փոքր լարվեց, ընդդիմադիր պատգամավորները տեղից սկսեցին խոսել: Լիլիթ Գալստյանն էլ կրկին հրաժարվեց հարցին պատասխանել, ընդգծելով.- «Ձեր դատողությունները կոռեկտ չեմ համարում և չեմ պատրաստվում պատասխանել»:
Վերաքննիչ դատարանն այս տարվա հունիսին շուրջ մեկ տարի կալանավորված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխեց տնային կալանքի։ Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեղադրվում է ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար: Բարձրաստիճան հոգևորականն ու նրա փաստաբանները հայտարարում են, թե Գալստանյանի ու նրա հետ նույն օրը կալանավորված ավելի քան մեկ տասնյակ անձանց նկատմամբ մեղադրանքները կեղծ են, ու որ նրանց կալանքի տակ պահելու որևէ հիմք չեն տեսնում: