Մերձավոր Արևելքում պատերազմը չպետք է երեխաների վրա ազդի, ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների հանձնաժողովն է այս հայտարարությունն արել՝ մատնանշելով Իրանում դպրոցի ուղղությամբ ավիահարվածը։
Իրանն Իսրայելին և Միացյալ Նահանգներին է մեղադրել Մինաբ քաղաքի դպրոցի վրա շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման համար։ Զոհերի թիվն անցել է 150-ը։
«Հանձնաժողովը մտահոգված է քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների վրա հարվածների մասին հաղորդումներով, որոնք վնասել երեխաներին, խլել բազմաթիվ երիտասարդ կյանքեր։ Սա հիշեցում է, որ զինված հակամարտություններում երեխաներն ամենախոցելի խմբերից են, սա չպետք է երբեք դիտարկվի որպես պատահական կորուստ», - ասված է հայտարարությունում։
Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է Մինաբում հավաքված մեծ բազմություն, որ ողբում էր սպիտակ կտորներով փաթաթված մարմինների առջև։
Հանձնաժողովը կոչ է արել բոլոր կողմերին անմիջապես զինադադար հաստատել, «որպեսզի երեխաները այլևս չտեսնեն սպանություն, տեղահանում, հոգեբանական վնասներ»։
Կառույցը նաև հորդորել է պատերազմի կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները երեխաների պաշտպանությունն ապահովելու համար, այդ թվում՝ հետևելու, որ դպրոցներն ու հիվանդանոցները հարձակման չենթարկվեն, մարդասիրական կազմակերպությունները կարողանան անվտանգ հասնել օգնության կարիք ունեցող երեխաներին։
Հանձնաժողովի կարծիքները, այդուհանդերձ, պարտադիր կատարման ենթակա չեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն Իրանի անվերապահ կապիտուլյացիան է պահանջում