«Մեր գաղտնի պլանի մասերից է». «Ուժեղ Հայաստան»-ի 105 պատգամավորի թեկնածու ինքնաբացարկի դիմում է գրել

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքից 105 թեկնածու հրաժարվել է պատգամավոր դառնալու շանսից: Ինքնաբացարկի դիմումներ են գրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ընդդիմադիրների ցուցակներից այսպիսի զանգվածային դիմումներ նախկինում չեն եղել: Խորհրդարանական երկրորդ ուժի պատգամավորական ցուցակի կեսը ինչո՞ւ է կրճատվում:

Ըստ ընդդիմադիր ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկի դիմումները իշխանափոխության գաղտնի պլանի շրջանակում են, թե կոնկրետ ի՞նչ նպատակով՝ փակագծեր չբացեց:

«Բոլորը մեր թփիմակիցներն են և մնում են մեր թիմակիցները, բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, չեն կարող լինել անվստահելի: Դա մեր քաղաքական մարտավարությունն է», - ասաց Կարապետյանը:

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի 199 թեկնածուից մնացել է 96-ը: Պատգամավոր կդառնան 29-ը: Իսկ մյուսները հետագայում շանս կունենան, եթե նրանց նախորդող համարները հրաժարվեն մանդատներից: Հնարավո՞ր է գաղտնի պլանով հետագայում ընդդիմությունը մանդատները վայր դնելու ծրագիր էլ կա, ու ցուցակը կրճատելով չեզոքացնում են վտանգները, որ չլինեն մարդիկ մանդատները վերցնեն ու տապալեն իրենց ծրագիրը: Սամվել Կարապետյանն այս հարցին ուղիղ չպատասխանեց. «Մեր գաղտնի պլանները երկար պլաններ են, քայլ-քայլ գնում ենք»:

«Ազատության» տեղեկություններով՝ մանդատ չստացած թեկնածուների ցանկը կրճատելու տարբերակը քննարկվել է նաև ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» դաշինքում, բայց դիմումներ դեռ չկան: Ինքնաբացարկի ժամկետը մինչև հուլիսի 20-ն է: Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը օգոստոսի 2-ին է՝ կիրակի:

Սամվել Կարապետյանը ընդդիմադիրներին համախմբելու գործընթաց է սկսել, թե ինչ փուլում է, դեռ չի հրապարակում: Իսկ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գաղտնի պլանը իրագործելու համար ինչի՞ են սպասում: Ռուսաստանի պատժամիջոցների՞ն, որ ավելի կուժգնանան ու մարդկանց փողոց կմղեն:

«Ես արդեն հայտարարել եմ, որ դեմ եմ այդ պատժամիջոցներին, դրա համար մեկ օր շուտ կանգնեցնելը շատ կարևոր է մեր երկրի, ժողովրդի համար: Լինելու է տրիգեր, որը ընդդիմությունը օգտագործելու է», - ասաց նա:

Միլիարդատեր Կարապետյանը, որ քաղաքականություն մտավ ազատությունից զրկվելուց հետո, ասում է՝ սպասում են Փաշինյանի ճակատագրական սխալներին, որ քայլեր անեն:

Իշխանությունը զավթելու կոչի ու փողերի լվացման համար մեղադրվող Կարապետյանը հունվարից տնային կալանքի տակ է: Այսօր հերթական դատական նիստն էր, ու դրանից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մանդատը զենք է, կամավոր հրաժարվելը՝ անպատասխանատվություն». մանդատը կվերցնի նաև Նարեկ ԿարապետյանըԸնդդիմադիրները հայտարարում են «դիմադրության նոր փուլի, քննարկումները շարունակելու» մասին