«Մենք առաջընթաց ենք ունեցել Վաշինգտոնի հետ բանակցություններում». Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակը և գլխավոր բանակցողը հայտարարել է, որ «մենք առաջընթաց ենք ունեցել» Վաշինգտոնի հետ բանակցություններում, բայց որ «դեռևս կան նաև տարաձայնություններ»։

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ասել է․ «Կան որոշ հարցեր, որոնք մենք առաջ ենք տանում… Նրանք նույնպես ունեն կարմիր գծեր։ Սակայն այս հարցերը կարող են լինել ընդամենը մեկ կամ երկու»։

Շատ դիտորդներ Ղալիբաֆին համարում են Թեհրանի վարչակարգի իրական ազդեցիկ ուժը։ Նա հաճախ հանդես է եկել կոշտ դիրքորոշումներով և մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ստախոսության մեջ, նույնիսկ այն դեպքում, երբ խոսում է բանակցությունների առաջընթացի մասին։

Ղալիբաֆը ղեկավարել է իրանական պատվիրակությունը ԱՄՆ պաշտոնյաների հետ առերես հանդիպումներում, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ, որոնք անցյալ շաբաթ տեղի են ունեցել Իսլամաբադում՝ Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակում։ Իր հեռուստաելույթում նա չի նշել բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, որ Իրանի հետ բանակցությունները առաջընթաց են գրանցում, և որ մոտ ապագայում կարող են հստակ զարգացումներ լինել:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թեհրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի կողմից ներկայացված «նոր առաջարկները»