Մեկնարկում է ՔՊ վարչության նիստը

Մեկնարկում է «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստը: Այսօրվա նիստում կուսակցության գործադիր մարմինը կընտրեն Ազգային ժողովի նախագահի իրենց թեկնածուին:

«Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում են երեք ինքնառաջադրված թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Լրագրողների հարցին, թե նշված երեք անձանցից ո՞ւմ կցանկանար տեսնել ԱԺ նախագահի պաշտոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանեց. «Ես իմ մոտեցումները չեմ հայտնի, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ առաջադրված թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը: Ով կընտրվի, դրա մասին կլինի հանրային իրազեկում»:

Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կազմակերպվում է նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում, թեկնածու կարող են առաջադրել բոլոր խմբակցությունները: Խոսնակն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ունենում է երեք տեղակալ, որոնցից մեկը՝ ընդդիմության կազմից:

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, բայց վերջին խոսքը Սահմանադրական դատարանինն է, որտեղ վիճարկվում է նաև ԲՀԿ-ի դուրս մնալու հարցը: Սրան զուգահեռ դեռ անպատասխան է գլխավոր հարցը՝ արդյոք ընդդիմադիրները կվերցնե՞ն իրենց մանդատները։ Ամեն դեպքում, իշխանական թիմից արդեն հնչում են զգուշացումներ, թե ընդդիմադիրներին խորհրդարանում «քաղաքականապես ոչնչացնելու են»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը