Մեկնարկել է Մակրոնի այցը Սիրիա․ երկրի վերակառուցումը գլխավոր թեմաներից է

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանում, 6-ը հուլիսի, 2026թ․

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ժամանել է Դամասկոս։ Նա ԵՄ անդամ երկրի առաջին ղեկավարն է, որն այցելում է Սիրիա 2024 թվականի դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։

«Այստեղ եմ՝ վերահաստատելու Ֆրանսիայի նվիրումը սիրիացի ժողովրդին, հանուն ինքնիշխան, իր բազմազանությամբ միասնական և իր հարևանների հետ խաղաղությամբ ապրող Սիրիայի: Եկեք միասին կայունության և խաղաղության նոր էջ բացենք», - X-ում գրել է Ֆրանսիայի նախագահը։

Դամասկոսի օդանավակայանում Մակրոնին ԱԳ նախարար Ասադ ալ-Շայբանին է դիմավորել։ Reuters-ի փոխանցմամբ՝ օրակարգում Մակրոնի և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի աշխատանքային ճաշն է, այլ հանդիպումներ ևս նախատեսված են։

13 տարվա քաղաքացիական պատերազմից տուժած երկրի վերակառուցումը այցի առանցքային թեմաներից մեկն է։ Մակրոնին ուղեկցում են էներգետիկ և բեռնափոխադրող ընկերությունների տնօրեններ, այցից առաջ լրագրողներին ասել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի պաշտոնյան:

Ըստ պաշտոնյայի՝ Դամասկոսը Փարիզի համար գործընկեր կարող է դառնալ միայն այն դեպքում, եթե լիարժեքորեն հաշվի առնվի բազմակարծությունը։ Ֆրանսիայի համար ընդունելի չի լինի բացարձակ իշխանության մի ձևի փոխարինումը մեկ այլ ձևով, ընդգծել է նա։

Նախագահ Ալ-Շարաան պաշտոնական այցով Ֆրանսիայում 2025-ի մայիսին էր եղել, հանդիպել և բանակցություններ վարել նախագահ Մակրոնի հետ։

Սիրիա այցելած Ֆրանսիայի վերջին նախագահը Նիկոլա Սարկոզին էր՝ 2009 թվականին՝ քաղաքացիական պատերազմի սկսվելուց երկու տարի առաջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մակրոնը կայցելի Սիրիա․ Սիրիայի նախագահի գրասենյակ