«Ես արդար եմ, գործն էլ շինծու է», - այսօր դատարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Երեք ամսվա քննությունից հետո նրա գործն ուղարկվել էր դատարան, այսօր առաջին նիստն էր։ Ծառուկյանը կալանքի տակ է արդեն երեք ամիս։
«Արդարություն իրականացրեք, շառ են անում, հարգելի դատավոր, հո տենց չի, շինծու, ապօրինի սարքած գործ ա, ես ստեղ արդար եմ, մեղք չունեմ, 100 տոկոս, մեղք չունեմ», - դատարանում հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:
Փաստաբան Էմին Խաչատրյանը միջնորդեց գործից հեռացնել դատախազ Լիանա Մարկոսյանին։ Պնդեց՝ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց, երբ նա որպես պատգամավորի թեկնածու ուներ անձեռնմխելիություն, իսկ դատախազն առանց այդ խոչընդոտը հաղթահարելու, նրա դեմ մեղադրանք էր առաջադրել։
Դատախազներ Լալա Առաքելյանն ու Մարկոսյանը հակադարձեցին՝ դատախազն իր գործառույթներն է իրականացրել: Դատարանը մերժեց փաստաբանի միջնորդությունը՝ այն համարելով անհիմն:
Ծառուկյանի հետ մեղադրյալի աթոռին է ևս ութ մարդ։ ԲՀԿ առաջնորդը կալանավորվեց խորհրդարանական ընտրություններից հետո։ Նրան մեղադրանք առաջադրվեց փողերի լվացման, հափշտակության և խարդախությանը օժանդակելու հոդվածներով։
Ըստ Քննչականի՝ Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու, փոխադարձ առևտուրը զարգացնելու պատրվակով Գագիկ Ծառուկյանը «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանի ևս մի քանիսի ու Իրանի երկու քաղաքացու օժանդակությամբ խաբեությամբ իրանցիների գույքն է հափշտակել: Ապօրինի ճանապարհով ստացել են ավելի քան 22 միլիոն դոլարին համարժեք գույք, տրանսպորտային միջոցներ, տարբեր տեսակի վառելանյութ ու այլ ապրանք օրինականացրել են, դրանցից ստացած եկամուտները միացրել են իրենց օրինական եկամուտներին, այդպիսով, ըստ քննիչի, թաքցրել հափշտակված գույքի հանցավոր ծագումը:
Ծառուկյանը մեղքը չի ընդունում, նրա թիմակիցները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։
Քարոզարշավին վարչապետը հրապարակային սպառնում էր ունեզրկել Ծառուկյանին, և ընտրական գործընթացներից հետո իրավապահները մտան նրա առանձնատուն, գետնին տապալեցին միլիոնատիրոջն ու ձերբակալեցին, փակեցին գործարարին պատկանող գրեթե բոլոր ձեռնարկությունները։