Մեկնարկել է Գագիկ Ծառուկյանի դատավարությունը

Մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դատավարությունը։ Նա կալանքի տակ է արդեն երեք ամիս։

Ծառուկյանի հետ մեղադրյալի աթոռին է ևս ութ մարդ։

Փաստաբան Էմին Խաչատրյանը միջնորդեց գործից հեռացնել դատախազ Լիանա Մարկոսյանին։ Պնդեց՝ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց, երբ նա որպես պատգամավորի թեկնածու ուներ անձեռնմխելիություն, իսկ դատախազն առանց այդ խոչընդոտը հաղթահարելու, նրա դեմ մեղադրանք էր առաջադրել։

Դատախազներ Լալա Առաքելյանն ու Մարկոսյանը հակադարձեցին՝ դատախազն իր գործառույթներն է իրականացրել: Դատարանը մերժեց փաստաբանի միջնորդությունը՝ այն համարելով անհիմն:

ԲՀԿ առաջնորդը կալանավորվեց խորհրդարանական ընտրություններից հետո։ Նրան մեղադրանք առաջադրվեց փողերի լվացման, հափշտակության և խարդախությունը օժանդակելու հոդվածներով։

Ըստ Քննչականի՝ Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու, փոխադարձ առևտուրը զարգացնելու պատրվակով Գագիկ Ծառուկյանը «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանի, ևս մի քանիսի ու Իրանի երկու քաղաքացու օժանդակությամբ խաբեությամբ իրանցիների գույքն է հափշտակել:

Ապօրինի ճանապարհով ստացել են ավելի քան 22 միլիոն դոլարին համարժեք գույք, տրանսպորտային միջոցներ, տարբեր տեսակի վառելանյութ ու այլ ապրանք օրինականացրել են, դրանցից ստացած եկամուտները միացրել են իրենց օրինական եկամուտներին, այդպիսով, ըստ քննիչի, թաքցրել հափշտակված գույքի հանցավոր ծագումը:

Ծառուկյանը մեղքը չի ընդունում, նրա թիմակիցները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։

Քարոզարշավին վարչապետը հրապարակային սպառնում էր ունեզրկել Ծառուկյանին, և ընտրական գործընթացներից հետո իրավապահները մտան նրա առանձնատուն, գետնին տապալեցին միլիոնատիրոջն ու ձերբակալեցին, փակեցին գործարարին պատկանող գրեթե բոլոր ձեռնարկությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ցանկանում ենք՝ օր առաջ գործը հայտնվի դատաքննության փուլում». Ծառուկյանի գործն ուղարկվել է դատարան

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծառուկյանի հարյուրավոր գույքերի ու ընկերություններում բաժնեմասերի վրա արգելանք է դրվելԳագիկ Ծառուկյանին նորից հարցաքննում են Առինջում Ծառուկյանի ընկերություններին հողերի օտարման դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվել. ՊՎԾ