Դաժան ծեծից փոքրիկ Ալեքսի մահվան գործը դատարանում է, միայն մեկ մեղադրյալ կա

Արխիվային լուսանկար

Դաժանաբար ծեծված ու հիվանդանոցում մահացած մեկ տարեկան փոքրիկի գործը դեպքից հինգ ամիս անց դատարանում է: Միայն մեկ դատական նիստ է մինչև այժմ տեղի ունեցել, երկարաձգվել է այս գործով միակ մեղադրյալի՝ Ռիմա Ենոքյանի կալանքի ժամկետը:

Ո՞վ է այս կինն ու ինչո՞ւ էր փոքրիկ Ալեքսը մնացել նրա խնամքին: «Ազատություն»-ն անդրադարձել էր այս ողբերգությանը. երեխայի մայրը՝ Մարիամ Մկրտչյանը պատմել էր, որ նախկին ամուսնու ու նրա կողակցի՝ Ռիմայի մոտ էր թողել երեխային, մինչև վարձով տուն գտնի:

«Ուղղակի էրեխուն տարել էի, էնտեղ ավելի ապահով էր, էլի, ես չգիտեի ինչ կարա լինի», - ասել էր մայրը:

Մեղադրականում զարհուրելի պատկեր է. Ռիմա Ենոքյանը փաստացի Մարտին Ռաֆայելյանի կինն է, համատեղ երեխա ունեն: Այդ ընթացքում նույն Մարտին Ռաֆայելյանի կողակիցն է նաև Մարիամ Մկրտչյանը, ծնվում է Ալեքսն ու դառնում Ռիմա Ենոքյանի վրեժի զոհը: Երեխայի հարազատ մայրը դեղ գնելու նպատակով տնից հեռացել ու չէր վերադարձել:

«Ռիմմա Ենոքյանը, իրենից կախվածության մեջ գտնվող՝ փաստացի իր խնամքին հանձնված, անչափահաս Ալեքսան Մկրտչյանին մեղադրելով իր և Մարտին Ռաֆայելյանի ընտանիքում անհաշտ և անախորժ իրավիճակի ստեղծման պատճառ հանդիսանալու մեջ, պարբերաբար՝ հունվար-մարտ ամիսների ընթացքում՝ տարբեր օրերի, ինչպես նաև մարտի 10-ին ուղղակի դիտավորությամբ ֆիզիկական ներգործություն է գործադրել անկողնում պառկած Ալեքսան Մկրտչյանի նկատմամբ, այն է՝ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին և գլխին ու կսմթել է նրան, որոնց անմիջապես հետևել է երեխայի լացի բարձր ձայնը», - ասված է մեղադրականում:

Երեխան գիտակցությունը կորցրել է, ու, ըստ մեղադրանքի, փոքրիկին ջրով շփել ու կյանք է վերադարձրել Մարտին Ռաֆայելյանի երրորդ կողակիցը՝ Դիանա Ղազարյանը: Օրեր անց երեխան ջերմել է, հրաժարվել ուտել, լացել է, զայրացրել Ռիմա Ենոքյանին, նա էլ անկողնում պառկած փոքրիկի գլխին հարվածել է բռունցքով՝ ավելի քան 20 վնասվածքներ փոքրիկ մարմնին, մահը վրա է հասել հենց դրանց պատճառով, ասված է մեղադրականում: Ռիմա Ենոքյանը անօգնական վիճակում գտնվողի հանդեպ սպանության հոդվածով է մեղադրվում, որով ընդհուպ ցմահ ազատազրկում է նախատեսված:

Մեղադրանքն ընդունո՞ւմ է այս կինը. նրա փաստաբան Վահագն Հարությունյանը հրաժարվեց որևէ մեկնաբանուությունից, միայն ասաց, որ առաջիկա նիստում՝ օգոստոսի 21-ին միջնորդելու է, որ այս գործը քննվի դռնփակ:

Որ այդ կինը նույնիսկ սեփական երեխայի հանդեպ, մեղմ ասած, հանդուրժող չէր, հարևաններն էին պատմել. - «Էդ կինը մի քիչ տարօրինակ, լիրբ էր, լաչառ էր, ագրեսիվ էր ավելի շուտ, մեկից մեկ ինքը կարար ծեծեր, որովհետև ինքը իրա տղային, իրա տղա երեխայի ձեռից բռնած քաշ տալով բերում էր, ջղայնանում էր»:

Իսկ ծեծված-սպանված երեխայի հարազատ մայրն ի սկզբանե կասկածում էր, թե Ռիմա Ենոքյանը կարող էր վատ վերաբերվել իր երեխային:

«Չեմ էլ հավատում, որ ինքը կարա արած լինի», - ասում էր Մարիամ Մկրտչյանը:

Սեփական երեխային արտառոց մթնոլորտով այդ տանը թողնելը մայրը փորձում էր բացատրել, թե երեխային տանելու տեղ չի ունեցել, իրավապահներին էլ այլ բան էր ասել, թե դեղի համար էր դուրս եկել տնից:

Քննչական կոմիտեն երեխայի սպանության քրեական վարույթին զուգահեռ մեկ այլ գործ էր հարուցել՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու դեպքով: Այսօր տեղեկացրեցին որ մեկ ընդհանուր վարույթում են գործերը միավորվել, ու ստացվում է՝ փոքրիկին վտանգի մեջ թողած մայրը մեղադրյալ չէ:

«Ես գտնում եմ, որ անգամ մորը քրեական պատասխանատվության պիտի ենթարկեն, որ ինքը վտանգավոր միջավայրում թողել է երեխային վտանգների մեջ», - «Ազատությանը» ասաց Մասիսի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամ Լուսինե Աստաբացյանը:

Այս հանձնաժողովն է երեխայի սպանությունից հետո մի քանի անգամ լսել Մարիամ Մկրտչյանին: Նա այս համայնքի բնակիչ է եղել, 5-ամյա աղջնակ ունի, որ այստեղ տատիկի խնամքին էր մնացել: Աստաբացյանը շեշտում է՝ այս կինն իր ծնողական պարտականություններն ի սկզբանե չի կատարել, դեռ 8 տարի առաջ իր առաջնեկ զույգ տղաներին լքել է մանկատան դռների մոտ, մնացել անպատիժ, փոքրիկ Ալեքսի հուղարկավորությանն անգամ չմասնակցեց, չի զբաղվել փոքրիկ դստեր խնամքով ու չի զբաղվելու, ասել է հանձնաժողովի նիստում:

«Ասել է, որ «ես առայժմ չեմ կարող երեխային պահել, ես չունեմ մշտական բնակության վայր», ինչպես նաև հրաժարվեց անգամ նշել, թե հիմա որտեղ է ապրում, մենք տենց էլ չհասկացանք իր բնակության վայրը որտեղ է», - նշեց Լուսինե Աստաբացյանը:

Աղջնակն այժմ խնամքի կենտրոնում է, առաջիկայում կտեղափոխվի խնամատար ընտանիք:

«Ամբողջությամբ կողմ ենք եղել, մենք քննարկել ենք, որ երեխան տարիքով փոքր է, երկար ժամանակ ՀՕՖ-ում չի կարող մնալ, և հաշվի առնենք էն հանգամանքը, որ մայրը այլ կյանքով է ապրում, երեխային չի պահելու մոտակա հաստատ տարիներին», - ասաց Մասիսի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամը:

Ի վերջո իրավապահները կքննե՞ն ծնողների վարքը, Քանաքեռի այդ մեկսենյականոցում տիրող անկանոն կապերը, երևակայությունից դուրս բարքերը, որ ըստ հարևանների ու նաև Մարիամ Մկրտչյանի ընտանքի՝ սեռական շահագործման, թրաֆիքինգի մասին են հուշում. այս հարցը դեռ անպատասխան է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դաժան ծեծից հետո՝ մեկամյա փոքրիկի լուռ հուղարկավորությունըԵրեխային սպանելու փորձ կատարելու մեջ մեղադրվող կինը կալանավորվեց«Ոնց որ հարեմ լիներ». հարևանը՝ ծեծված Ալեքսի խորթ ընտանիքի մասինՄեկ տարեկան փոքրիկին մեկուկես ամիս պարբերաբար ծեծել են, հետո փորձել սպանել