Մեկ դրամի պահանջ. Նարեկ Կարապետյանը Քննչականին մեղադրում է իրեն զրպարտելու համար

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը քարոզարշավի ժամանակ, հունիս, 2026թ.

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեին:

Ըստ Դատալեքս տեղեկատվական կայքէջի՝ Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցից Կարապետյանը պահանջում է հերքել իր հասցեին արված հայտարարությունն ու զրպարտության համար վճարել մեկ դրամ:

Քննչականից չեն մեկնաբանում այս պահանջը:

Քաղաքացիական դատարանն օրերս վարույթ է ընդունել հայցադիմումը:

Ընդդիմադիր Կարապետյանը դիմումի մեջ հիշատակել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր հասցեին արված իրավապահների հայտարարությունը, թե «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»:

Կարապետյանը դատարանին խնդրում է քննել ու պատասխանատվության ենթարկել Քննչականին այս «զրպարտության» համար, պահանջել հերքման հետևյալ տեքստը հրապարակել և մեկ ամիս պահպանել Քննչականի պաշտոնական կայքէջում, Ֆեյսբուքի և Տելեգրամի հարթակներում.

«Հերքում՝ Նարեկ Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ». «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն 20.05.2026 թվականին հրապարակում է կատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի վերաբերյալ, որով ներկայացվել է սուտ տեղեկություն, որի միջոցով վերջինիս է վերագրվել այնպիսի փաստ, որը չի համապատասխանել իրականությանը և կապ չի ունեցել վերջինիս հետ։ Հրապարակային տեղեկացնում ենք, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ եղել է զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ներողություն է խնդրում»:

Դատական նիստը օրը դեռ հայտնի չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նարեկ Կարապետյանը մինչև երեկո դատի կտա Քննչական կոմիտեինՆարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել ՌԴ քաղաքացիություն․ Գալուզին«Եթե Քննչականը 24 ժամում չհերքի հաղորդագրությունը՝ դատի կտանք». Նարեկ ԿարապետյանՔԿ-ն հայտնում է՝ Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը, Կարապետյանը հերքում էՌԴ քաղաքացի՞ է, թե՝ ոչ. Ալեն Սիմոնյանը պնդում է, Նարեկ Կարապետյանը՝ հերքում