Մայր Աթոռը քննադատում է քրեակատարողական հիմնարկներ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մուտքի արգելքը: Էջմիածինը հայտարարել է, որ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի նման որոշումն ապօրինի է։
Ըստ Մայր Աթոռի՝ ՔԿՀ պետը նման կերպ շրջանցել է ոչ միայն Էջմիածնին, այլև անտեսել իրավական կարգավորումները և անհատ եկեղեցականների հետ կնքել աշխատանքային պայմանագրեր:
«Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում», - ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ:
Նուբարաշենում 16 տարի հոգևոր ծառայություն իրականացնող Գրիգոր քահանան «Ազատությանն» ավելի վաղ պատմել էր, որ իրեն արգելում են բանտ մտնել, զրուցել իր հավատացյալների հետ: Բանտերում հոգևոր ծառայության պատասխանատու Իսահակ վարդապետն էլ ասել էր, որ Վանաձորի բանտում էլ խնդիր կա, խոսել էր, որ տասնամյակների համերաշխ աշխատանքից հետո այժմ Քրեակատարողական ծառայությունը խնդիրներ է ստեղծում հոգևորականների համար: «Ազատությունը» հարցում էր ուղարկել ծառայություն. պատասխանել են՝ Տեր Գրիգորի մուտքն արգելել են, որովհետև նա բանտում քաղաքական հայտարարություններ է հնչեցրել:
Էջմիածինը, սակայն, այսօր պնդել է՝ նման գործելակերպը կոպիտ միջամտություն է եկեղեցու ներքին կյանքին, հորդորել Արդարադատության նախարարությանը հարգել օրենքը:
«Ազատությունը» ՔԿԾ ղեկավարից հետաքրքրվել էր նաև՝ արդյոք Արդարադատության նախարարությունը, քրեակատարողականը հոգևոր ծառայության նոր մոդել են ուզում ներդնել: Պատասխանել էր՝ «ծառայությունն ավելի կարիքահեն դարձնելու համար պայմանագրեր ենք կնքել Հայ Առաքելական եկեղեցու քահանաների հետ», նրանք կծառայեն քրեակատարողական հիմնարկներում:
Քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն իրականացվում է դեռ 90-ականներից: Քահանաները խցեր են այցելում, զրույցներ վարում, նաև կնունք, պսակ, պատարագներ: