Էջմիածնում «Թումո» կենտրոն բացելու Մայր Աթոռի ծրագիրը օդում է մնացել: Ժամանակակից կրթահամալիրի նախագիծը պատրաստ է, ֆինանսական միջոցների խնդիր էլ չկա, բայց կառուցել չեն կարող: Ըստ Մայր Աթոռի՝ վարչական խոչընդոտներ կան։
«Առանց որևէ պատճառաբանությունների՝ անընդհատ ձգձգվում է»,- ասում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նորագույն տեխնոլոգիական կրթահամալիրը Մայր Աթոռի ու բարերարների միջոցներով են կառուցելու, նախատեսված է 2000 երեխաների համար: Կենտրոնի հողատարածքի մի մասը համայնքային սեփականությունն է, դա պետք է եկեղեցուն հատկացնեն, որ սկսեն կառուցել, բայց, ըստ Մայր Աթոռի, ձգձգում են:
«Եվ դա մեծ հնարավորություն էր համայնքի շուրջ 2000 և ավելի երեխաների համար՝ այդ ժամանակակից կիրառական կրթություն ստանալը, նաև այդ ոլորտներում հմտանալը»,- ասում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը։
Նախագծով կրթահամալիրի տարածքը 4500 քառակուսի մետր է, որից 736-ը համանքային հողատարածքի հատվածում է: Ավագանին անցած հոկտեմբերին այս 736 քառակուսի մետրը անհատույց սեփականության իրավունքով միաձայն օտարել է Հայ Առաքելական եկեղեցուն: Ավագանու անդամներից ոչ մեկը դեմ չի քվերակել ու հետո պետք է կադաստրով գրանցեին սեփականության իրավունքը ու, ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայիի, այստեղից գործընթացը կանգնել է։ Նրա խոսքով.- «Կադաստրային ձևակերպման այդ փուլում պարզ է դառնում, որ Վաղարշապատի համայնքապետը դիմել է Կադաստր՝ գործարքը կասեցնելու պահանջով»։
Համայնքապետարանը մեղադրում է Մայր Աթոռին. օտարված տարածքներն անմխիթար վիճակում են
Պետական ո՞ր կառույցն է խոչընդոտում, որ «Թումո»-ն կառուցվի, ի՞նչ հիմնավորումներով է ձգձգվել ավագանու որոշմամբ օտարված հողատարածքը սեփականացնելու գործընթացը: Պարզվում է, որ ավագանու որոշումից այն կողմ չեն անցել համայնքի ղեկավարի՝ ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանի որոշմամբ։ Ըստ պարզաբանման՝ Կադաստրի պետական կոմիտե Արգիշտի Մեխակյանն է միջնորդագիր ներկայացրել, որ կասեցվի։
Համայնքապետարանը մեղադրում է Մայր Աթոռին խոստումները չկատարելու համար, թե եկեղեցուն օտարված հողատարածքներն անբարեկարգ են: Օրինակ՝ Էջմիածնի կենտրոնական զբոսայգու տարածքը, որ 2005-ից են հատկացրել եկեղեցուն՝ բարեկարգման, հանգստի և հոգևոր-մշակութային կյանքի կազմակերպման նպատակով։ Թվարկել են եկեղեցուն օտարված հողատարածքներն ու նշել, թե դրանք անմխիթար վիճակում են:
«Բոլոր տարածքները տարիներ շարունակ գտնվում են խիստ անմխիթար և անբարեկարգ վիճակում՝ փաստացի զրկված լինելով իրենց նպատակային գործառույթից և որևէ կերպ չծառայելով համայնքի զարգացման ու հանրային շահերի ապահովմանը։
Այս համատեքստում համայնքապետարանը գտնում է, որ նման պայմաններում նոր, առավել լայնածավալ ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ քննարկվող նախաձեռնությունների իրագործման վերաբերյալ վստահության բավարար հիմքեր առկա չեն, քանի դեռ չեն կատարվել արդեն իսկ ստանձնված պարտավորությունները»,- ասված է համայնքապետարանի հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա
Համայնքապետարանից պնդում են, թե ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը միտումնավոր չի խոչընդոտել: Անցած շաբաթ էլ Ազգային ժողովը օրենքի փոփոխությամբ է հաստատել՝ պետությունը եկեղեցուն սեփականության իրավունքով հողատարածք չի տրամադրի, կտրվի միայն անհատույց օգտագործման իրավունքով: Մինչև այս փոփոխությունը՝ պետության հողերը Մայր Աթոռին էին հատկացվում սեփականության իրավունքով՝ եկեղեցիների ու եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
««Շողակաթին» եթերից զրկելը ցույց է տալիս՝ թիրախը Հայ Առաքելական եկեղեցին է». իրավապաշտպանՄայր Աթոռի դիվանապետը սա համարել էր հերթական ռեպրեսիան եկեղեցու նկատմամբ: Իսկ սրանից առաջ Մայր Աթոռի հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությանը եթերից զրկեցին: Իշխող մեծամասնությունը օրենքի փոփոխությամբ լուծարեց հոգևոր-մշակութային ալիքը: Արդյո՞ք «Թումո»-ի ծրագրի այս խոչընդոտները քաղաքական նկատառումներով չեն իշխանություն -եկեղեցի առճակատման այս փուլում, համարո՞ւմ է, որ սա էլ Մայր Աթոռի դեմ պայքարող վարչապետի հաշվեհարդարն է, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը պատասխանեց. «Վերջին շրջանում որևէ նման սահմանափակումներ, ոտնձգություններ եկեղեցու հանդեպ մենք տեսնում ենք այդ հակաեկեղեցական գործողությունների շրջանակներում, բնականաբար»։
Եթե հողատարածքի հարցը չլուծվի, «Թումո» կենտրոնը չի՞ կառուցվելու, վաղարշապատցի երեխաները զրկվելո՞ւ են տեխնոլոգիական կրթահամալիրից, հնարավո՞ր է նախագիծը փոփոխեն ու միայն եկեղեցու սեփական հողատարածքում կառուցեն: Տեր Եսային դժվարացավ այս հարցին ուղիղ պատասխանել: Ասաց՝ ընթացքում կերևա: