Մոլդովայի նախագահը՝ կոռուպցիոն սկանդալի կիզակետում

Մոլդովայի նախագահ Մայա Սանդու և վարչապետ Ալեքսանդր Մունտյանու, արխիվ

Տեղական մամուլի և քաղաքական ուժերի պնդմամբ՝ Մոլդովայում այսօր սկիզբ առած կառավարական ճգնաժամի պատճառը նախագահ Մայա Սանդուի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալն է։ Օրերս մոլդովացի հետաքննող լրագրողները պարզել էին, որ Սանդուի իշխանության գալուց հետո նրա ամենամոտ ազգականներից մի քանիսը անհամարժեքորեն լավ վարձատրվող աշխատանքի էին անցել պետական կառույցներում։

«Նախագահի մորաքրոջ դուստրը՝ Անաստասիա Տաբուրչանուն, 2025 թվականին որպես մամուլի քարտուղար աշխատանքի է ընդունվել MoldATSA պետական գործակալությունում, որը զբաղվում է երկրի տարածքում ավիացիոն անվտանգության հարցերով։ Սկզբնական շրջանում նրա աշխատավարձը կազմել է 75 հազար լեյ՝ մոտ 3700 դոլար։ 2026-ին արդեն Տաբուրչանուն աշխատավարձի բարձրացում է ստացել, և նրա ամսական վարձատրությունը հասել է 120 հազար լեյի, ինչը համարժեք է 6 հազար եվրոյի: Եվ սա մի իրավիճակում, երբ Մոլդովայի պետական կառավարման համակարգում միջին աշխատավարձը չի գերազանցում 800 եվրոն», - գրում են են Rise Moldova կայքի հետաքննող լրագրողները։

Սկանդալն է՛լ ավելի խորացավ, երբ հայտնի դարձավ, որ Սանդուի հորեղբորորդին՝ Յուրի Սանդուն, 2023-ին բարձր վարձրատրվող պաշտոն է ստացել պետական մեկ այլ կառուցյում՝ էներգետիկ Moldelectrica ընկերությունում՝ դա երկրի բարձրավոլտ էլեկտրական ցանցերն են։ «Նախագահ Սանդուի մորաքրոջ աղջիկներից ևս մեկը՝ Տատյանա Բետինը, որը խորհրդարանի խոսնակի աշխատակազմի ղեկավարն էր, ծագած սկանդալից հետո հրաժարական է ներկայացրել», - հաղորդում են տեղական աղբյուրները։

Ինքը Մայա Սանդուն, սակայն, պնդում է՝ իր մերձավոր ազգականների բարձր վարձատրվող աշխատանքների մասին որևէ տեղեկություն չի ունեցել։ «Ես հասկանում եմ մարդկանց հույզերը և ինքս էլ շատ զայրացած եմ», - օրերս հայտարարել էր Մոլդովայի նախագահը։

Կառավարության ղեկավար Ալեքսանդր Մունտյանուի հրաժարականը, այդուհանդերձ, սկանդալը դուրս բերեց նոր՝ ներքաղաքական մակարդակ։ Իր հրաժարականի ուղերձում 2025-ի նոյեմբերին կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնած և մինչ օրս Սանդուի գաղափարակիցը համարվող Մունտյանուն նշել էր.

«Ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ ես համոզված էի, որ կարող եմ իմ ներդրումն ունենալ երկրում իրադրության կայունացման գործում։ Այն պահին, երբ ես հասկացա, որ այլևս չեմ կարող լիազորություններս իրացնել իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, որոշեցի հեռանալ»։

Քիշնևյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Մունտյանուի հրաժարականն ուղղակի առնչություն ունի Սանդուի ազգականների շուրջ ծագած սկանդալի հետ։ Այս համոզմունքին է մասնավորաբար նախկին վարչապետ Իոն Կիկուն։

«Մունտյանուն իմաստուն մարդ է, նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել, և ես կարծում եմ, որ նա պարզապես չի ցանկացել թաթախվել այս ողջ կեղտի մեջ», - նշում է նախկին վարչապետը։

Ընդդիմության առաջնորդներից մեկը՝ «Ժողովրդավարությունը տանը» կուսակցության առաջնորդ Վասիլե Կոստյուկը, այսօր նույնիսկ գովեստի խոսքեր ուղղեց պաշտոնանկ վարչապետի հասցեին։

«Պարոն Մունտյանու, շնորհավորում եմ ձեզ ցուցաբերած համարձակության համար։ Անգամ երբ մենք քննադատում էին ձեզ, վստահ էինք, որ դուք կառավարության եզակի ադեկվատ անդամներից մեկն եք», - նշում է ընդդիմադիր գործիչը։

Իր ազգականների շուրջ ծագած սկանդալի և կառավարական ճգնաժամի միջև կապը, սակայն, Մայա Սանդուն կտրականապես հերքում է։

«Շահարկումները, թե վարչապետը ցանկանում էր պայքարել չաշահումների դեմ, սակայն դա նրան թույլ չտվեցին, կեղծ են։ Վարչապետը գործողությունների լիակատար ազատություն ուներ և կառավարությունը կարող էր ղեկավարել ինչպես ցանկանում էր», - այսօր հայտարարում էր Սանդուն։

Հեռուստատեսությամբ հեռարձակված այս ուղերձում Մոլդովայի նախագահը նաև հայտարարեց, որ հաջորդ շաբաթ նոր կառավարության ձևավորման շուրջ հանդիպումների շարք կնախաձեռնի խորհրդարանական խմբակցությունների հետ։ Ընդդիմադիրներից շատերը, մինչդեռ, վստահ են՝ ծագած ճգնաժամը հնարավոր է հանգուցալուծել բացառապես նոր խորհրդարանական ընտրություններով։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը։ Նախկին նախագահ Իգոր Դոդոնն էլ Ֆեյսբուքում արված գրառմամբ համոզմունք է հայտնել, որ վարչապետի հրաժարականը գործող իշխանությունների վերջի սկիզբն է։