Հրաժարականի դիմում է ներկայացրել Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն։
«Պաշտոնից հեռանալու որոշումը ես կայացրել եմ այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող լիազորություններս իրացնել իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան»,- այսօր հայտարարել է Մոլդովայի վարչապետը։
Մունտյանուն կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի աշնանը։
Մոլդովայի կառավարության հրաժարականին նախորդել էին պետական մարմիններում աշխատանքի տեղավորման և պետական կառույցների աշխատակիցների վճարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ բացահայտումները։
Երկրում գործող լրատվամիջոցների մեկի անցկացրած հետաքննությունը, մասնավորաբար, պարզել էր, որ նախագահ Մայա Սանդուի ազգականներից մեկը Մոլդովայի աերոնավիգացիոն գործակալությունում աշխատանքի ընթացքում ամսական շուրջ 6 հազար եվրո աշխատավարձ է ստացել։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն անդրադարձել է վարչապետ Մունտյանուի հրաժարականին։
«Ես ընդունել եմ Ալեքսանդր Մունտյանուի հրաժարականը և շնորհակալություն եմ հայտնում նրան ծառայության և բարդ, սակայն անհրաժեշտ բարեփոխումների նախաձեռնման համար։
Երկուշաբթի կսկսեմ խորհրդակցություններ խորհրդարանական խմբակցությունների հետ՝ նոր վարչապետի նշանակման հարցով։ Մոլդովայի ուղին մնում է անփոփոխ՝ բարեփոխումներ և անդամակցություն ԵՄ-ին»,- գրել է Սանդուն X սոցիալական ցանցում։
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում պաշտոնապես բացել են Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների առաջին փուլը։
Առաջին բանակցային փուլի մեկնարկը հաստատել են Եվրամիության խորհրդում նախագահող Կիպրոսի ներկայացուցիչները։
Առաջին բանակցային փուլի բացումը նշանակում է նախապատրաստական փուլից դեպի անդամակցության պայմանների շուրջ բովանդակային աշխատանքի անցում։ Այն ներառում է ազգային օրենսդրության համապատասխանության գնահատումը ԵՄ չափանիշներին և տարբեր ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը։