«Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում՝ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ

2008 թվականի մարտիմեկյան բախումները Երևանում

Դատախազի այսօրվա որոշմամբ՝ «Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականից մինչև 2008-ի հուլիսի 2-ը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ, փոխանցում է Դատախազությունը:

Քրեական հետապնդումը հարուցվել է 2003-ի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:

Հաղորդագրության համաձայն՝ քրեական վարույթով պարզվել է, որ Գրիգորյանը՝ որպես հրամանատար, «անտեսելով, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտեր առկա չեն, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով միջոցներ չի ձեռնարկել իրեն ենթակա ստորաբաժանումները՝ կիրառման համար պիտանի և ոչ ժամկետանց սպառազինությամբ՝ հատուկ միջոցներով ապահովելու, դրանց անվտանգ և ճիշտ շահագործումը կազմակերպելու ուղղությամբ»:

Ըստ Դատախազության, 2008-ի մարտի 1-ին Երևանի Պարոնյան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում Գրիգորյանը «անմիջականորեն, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով հրամայել է ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ»:

«Առանց նախազգուշացման, ապօրինի գործադրվել են ժամկետանց, կիրառման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ, այդ թվում՝ «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակվել են փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ, որի հետևանքով ցույցի մասնակիցներից երեք անձ մահացել է, երկու անձի առողջությանը պատճառվել է ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս», - պնդում է Դատախազությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտիմեկյան իրադարձություններից 17 տարի անց հրապարակած վճռով արձանագրել է, որ արյունալի իրադարձությունների տասը զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։ «Մարտի 1»-ի 18-րդ տարելիցին դեռ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել սպանությունների համար, թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է: Մասնավորապես, այս տարվա մայիսի կեսերին քարոզարշավի ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ «Մարտի 1»-ը 100 տոկոսով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի»:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա բարձրաստիճան երեք ենթակաները «Մարտի 1»-ի գործով հինգ տարի առաջ արդարացվեցին, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել այն հոդվածը, որով նրանց մեղադրանք էր առաջադրվել: Սակայն 2024-ին գործը վերաբացվեց՝ իշխանական լիազորություններն անցնելու, ազդեցությունը չարաշահելու հոդվածով: Արդեն երկու տարի է քննությունը ձգձգվում է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Սա քաղաքական պատվեր է». Քոչարյանը դատարանում խոսեց Փաշինյանի սպառնալիքների մասինԴատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել«Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել Գորիկ Հակոբյանի և ևս 4 ԱԱԾ նախկին պաշտոնյաների նկատմամբՄարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ«Մարդասպան», «մարդասպանը Նիկոլդ ա». միջադեպեր Քոչարյանի հանդիպումների ժամանակՄարտի 1-ը բոլոր մանրամասներով բացահայտված է, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի. ՓաշինյանՔոչարյանի փաստաբանը հորդորում է «Մարտի 1»-ի գործով ՄԻԵԴ որոշումը չկապել երկրորդ նախագահի հետՍպանվել են անհամաչափ միջոցներից. ՄԻԵԴ-ը բավարարել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների բողոքը Մարտի 1-ի գործը՝ «ուշադրության կենտրոնում»Չբացահայտված «Մարտի 1» Մարտի 1-ին «Չերյոմուխա 7»-ով 3 ցուցարար սպանած ոստիկանները չեն պատժվիՄարտի 1-ի զոհերի հարազատները դեռ սպասում են բացահայտմանը