Մարկո Ռուբիոն ժամանել է ԱՄԷ․ հաջորդիվ Քուվեյթն ու Բահրեյնն են

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Աբու Դաբիի օդանավակայանում զրուցում է լրագրողների հետ, 23-ը հունիսի, 2026թ․

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տարածաշրջանային այցի շրջանակում ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։

ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն Ռուբիոյի այցելությունները տեղի են ունենում, երբ Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարի փխրուն շրջանակային համաձայնագիրը Վաշինգտոնի արաբական դաշնակիցների մոտ նոր հարցեր է առաջացրել տարածաշրջանային անվտանգության և Թեհրանի ապագա հավակնությունների վերաբերյալ։

«Մենք երկարամյա հարաբերություններ և գործընկերություն ունենք այս երեք երկրների հետ», - Աբու Դաբիի օդանավակայանում լրագրողների հետ զրուցելիս շեշտել է Ռուբիոն՝ ԱՄԷ-ն առանձնացնելով որպես վերջին ամիսներին Վաշինգտոնի ամենամոտ գործընկերներից մեկը։

«Այստեղ ենք՝ ավելի շատ նրանց լսելու համար»

«Մենք այստեղ ենք ավելի շատ նրանց լսելու, քան խոսելու համար։ Մենք ցանկանում ենք լսել նրանց մտքերը...և համոզվել, որ դրանք հաշվի ենք առնում մեր յուրաքանչյուր որոշման մեջ», - «Ազատության» թղթակցի հարցին այսպես է պատասխանել պետքարտուղարը։

Չնայած Իրանի հետ շրջանակային համաձայնագիրն արդեն գոյություն ունի, այն դեռ «կիսատ է», ասել է նա։

Ըստ դիվանագետի՝ թեև վերջին օրերին «լավ հիմք» է ստեղծվել, այնուամենայնիվ «դեռ շատ աշխատանք կա անելու»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-Իրան բանակցություններում արձանագրվել է «լավ առաջընթաց». ՄԱԿ-ում Իրանի դեսպան

Անորոշություն ստուգումների մեխանիզմների շուրջ

Անդրադառնալով Իրանից հնչող հայտարարություններին, որոնք, ըստ տեղեկությունների, կասկածի տակ են դնում Թեհրանի՝ ստանձնած պարտավորությունների կատարումը, Ռուբիոն ասել է․

«Մենք գիտենք, թե ինչ են նրանք համաձայնել անել։ Հիմա կա՛մ կկատարեն այդ պայմանավորվածությունները, կա՛մ՝ ոչ։ Իսկ եթե չկատարեն, նախագահը ստիպված կլինի որոշումներ կայացնել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հետևանքների մասին է զգուշացնում, եթե Թեհրանը չկատարի պայմանավորվածությունները

Նախազգուշացումը պետքարտուղար Ռուբիոն հնչեցրել է ձեռքբերված փաստաթղթի ամենավիճահարույց դրույթներից մեկի՝ ստուգումների մեխանիզմների շուրջ պահպանվող անորոշության ֆոնին։

«Հեզբոլա»-ի և «Համաս»-ի հարցը

Պետքարտուղարի դիտարկմամբ՝ տարածաշրջանում գործող պրոքսի ուժերի, մասնավորապես՝ լիբանանյան «Հեզբոլա»-ի և պաղեստինյան «Համաս»-ի հարցն անխուսափելիորեն Թեհրանի հետ բանակցությունների մաս կդառնա։

«Չեք կարող թշնամանքի ավարտ ունենալ տարածաշրջանում, քանի դեռ իրանական պրոքսիները հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակում Իրաքից և մասնակցում ահաբեկչությանը»։

Հորմուզով նավարկության անվտանգությունը

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները կարո՞ղ են երաշխավորել Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը, Ռուբիոն միջազգային իրավունքն է հիշատակել՝ շեշտելով, որ նեղուցը «միջազգային ջրային ուղի է»։

«Ոչ մի երկրի թույլատրված չէ տուրքեր կամ վճարներ գանձել միջազգային ջրային ուղիներում։ Դա գործող միջազգային իրավունքն է, և մենք ակնկալում ենք, որ այստեղ նույնպես այդպես կլինի», - ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնն ու Թեհրանն ամփոփել են բանակցությունները Շվեյցարիայում, հայտնել են միջնորդներըԲուրգենշտոկում ընթանում են ԱՄՆ-Իրան բանակցությունները՝ փխրուն հրադադարի ֆոնինԱՄՆ-ի և Իրանի միջև այսօր Շվեյցարիայում կսկսվեն տեխնիկական բանակցություններԻսրայելական զորքերը կմնան Լիբանանում․ Նեթանյահու