Մակրոնը ցանկանում է եվրոպացի գործընկերներին ներգրավել Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելու գործընթացում

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է եվրոպացի գործընկերներին ներգրավել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելու գործընթացում։

Էմանյուել Մակրոնն այս մասին հայտարարել է անցած շաբաթ իր խորհրդականներից մեկին Մոսկվա ուղարկելուց հետո՝ առաջին նման այցը Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր:

«Ի՞նչ ստացա ես։ Հաստատում, որ Ռուսաստանը հիմա խաղաղություն չի ուզում», - ասել է նա եվրոպական մի շարք թերթերի, այդ թվում՝ գերմանական Suddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում։

Մակրոնի խոսքով՝ կարևորն այն է, որ վերակառուցել են քննարկման այդ խողովակները՝ տեխնիկական մակարդակով։ «Իմ ցանկությունն է կիսվել սրանով իմ եվրոպացի գործընկերների հետ և մշակել եվրոպական լավ կազմակերպված մոտեցում», - հավելել է նա։

Պուտինի հետ երկխոսությունը պետք է տեղի ունենա առանց «չափազանց շատ մասնակիցների, որոնք կոնկրետ մանդատ կունենան», - ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի առաջնորդն անցած տարի հայտարարել էր, որ Եվրոպան պետք է վերահաստատի երկխոսությունը Ռուսաստանի հետ և չթողնի, որ ԱՄՆ-ն առաջատար դեր ստանձնի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու բանակցություններում։

Կրեմլի խոսնակն արձագանքել է՝ ասելով, թե չնայած Մոսկվայի և Փարիզի միջև վերջերս տեղի ունեցած շփումներին, Մոսկվան համոզված չէ, որ Ֆրանսիան ցանկանում է երկխոսություն ծավալել Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով։

«Մինչ օրս մենք որևէ ազդակ չենք ստացել, որ նման ցանկություն կա։ Այնուամենայնիվ, մենք ի գիտություն ենք ընդունել պարոն Մակրոնի հայտարարությունը Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու անհրաժեշտության մասին և դրական ենք վերաբերվում նման հայտարարություններին», - ասել է Կրեմլի խոսնակը:

Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը միշտ կողմ է եղել երկխոսությանը, որը, ըստ Մոսկվայի, կարող է օգնել լուծել ամենահրատապ և դժվարին խնդիրները: «Դրանք ինքնուրույն չեն լուծվի, և առճակատումը չի օգնի: Ինչ վերաբերում է մյուս եվրոպական մայրաքաղաքներին, ապա մինչ օրս նմանատիպ նախաձեռնություններ չեն եղել», - ասել է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ը Ֆրանսիայի կողմից բարձրագույն մակարդակով երկխոսություն վերսկսելու ցանկություն չի տեսնում. ՊեսկովՄակրոնի խորհրդականի Մոսկվա այցի մասին հաղորդումը Կրեմլը ոչ հաստատում, ոչ էլ հերքում էՄակրոնը պատրաստվում է շփումներ սկսել Պուտինի հետ