ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ առաջարկել Թեհրանի նկատմամբ՝ ի պատասխան ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների։
«ԵՄ-ն արդեն իսկ լայնածավալ պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների, միջուկային զենքի տարածման գործունեության և Ուկրաինայում Ռուսաստանի կողմից տարվող պատերազմին Թեհրանի աջակցության համար», - գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում ասել է Կայա Կալլասը:
«Ես պատրաստ եմ առաջարկել լրացուցիչ պատժամիջոցներ՝ ի պատասխան ռեժիմի կողմից ցուցարարների նկատմամբ դաժան բռնաճնշումների», - հավելել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարում է, որ Թեհրանը ցանկանում է բանակցություններ վարել. ինչ իրավիճակ է Իրանում (թարմացվող)Երկրում ինտերնետի անջատման պատճառով խիստ սահմանափակ է ստացվող տեղեկատվությունը, հեռախոսային ծառայությունները ևս սահմանափակվել են, այդ պատճառով հնարավոր չէ հստակ պարզել, թե քանի մարդ է զոհվել ցույցերի ընթացքում: Իրավապաշտպան որոշ կազմակերպություններ տարբեր թվեր են հրապարակում՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Մարդու իրավունքների լրատվական գործակալությունը (HRANA)՝ Միացյալ Նահանգներում գործող իրանցի ակտիվիստների կազմակերպությունը, հունվարի 11-ին հայտարարել է, որ վերջին 15 օրերի ընթացքում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 544 մարդ։
Կազմակերպությունը հայտնել է, որ ձերբակալվել է առնվազն 10,061 մարդ, և որ ցույցեր են տեղի ունեցել բոլոր 31 նահանգների 186 քաղաքների 585 վայրերում։
Թեև Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ երկրում ինտերնետը անջատելու որոշումը կայացվել է «անվտանգության իրավասու մարմինների կողմից՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված», Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է, որ այս ամենն արվում է Իրանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները թաքցնելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փեզեշքիանը մեղադրել է ԱՄՆ-ին ու Իսրայելին