ՄԱԿ-ում Իրանի դեսպանը կոչ է արել ԱԽ-ին դատապարտել Թրամփի «սպառնալիքները»

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին կոչ է արել կազմակերպությանը և ՄԱԿ ԱԽ-ի անդամներին դատապարտել ԱՄՆ նախագահի կողմից «անօրինական սպառնալիքները»:

Նա Դոնալդ Թրամփի նախօրեի հայտարարություններն անվանել է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի «լուրջ խախտում»:

Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն կազմ ու պատրաստ է գործի անցնել, եթե Իրանի վարչակազմը կրակ բացի ցուցարարների ուղղությամբ, որոնք արդեն մեկ շաբաթից ավելի է՝ փողոց են դուրս գալիս ռիալի սրընթաց արժեզրկման ու գնաճի դեմ։

Ավելի վաղ՝ հունվարի 2-ին, Իրանի ղեկավարությունը հանդես էր եկել սուր քննադատությամբ՝ շեշտելով, որ ամերիկյան զորքերը տարածաշրջանում կարող են թիրախ դառնալ, եթե Վաշինգտոնը միջամտի զանգվածային բողոքի ցույցերին:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են և «հստակ գիտեն, թե որտեղ պետք է թիրախավորեն» հարձակման դեպքում:

Հաղորդվում է, որ մեկշաբաթյա անկարգությունների ընթացքում առնվազն 9 մարդ է սպանվել, 44-ը՝ ձերբակալվել: Պաշտոնապես այս թվերը չեն հաստատվել: