Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը և Բելառուսը «ուղիղ պատասխանատվություն են կրում» ԵՄ երկրներում անօդաչու թռչող սարքերի ներխուժման մի շարք դեպքերի համար:
Հայտարարությունը հնչում է Լիտվայում անօդաչու թռչող սարքերի մասին ահազանգից հետո։
«Մեր Բալթյան պետությունների դեմ Ռուսաստանի հրապարակային սպառնալիքները բացարձակապես անընդունելի են», - X-ում գրել է ֆոն դեր Լայենը: «Ռուսաստանը և Բելառուսը անմիջական պատասխանատվություն են կրում մեր արևելյան թևում մարդկանց կյանքն ու անվտանգությունը վտանգող անօդաչու թռչող սարքերի համար»:
Այսօր առավոտյան հաղորդվեց, որ Լիտվայի հարավային շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Վիլնյուսում, օդային տագնապ է հայտարարվել՝ ենթադրաբար Բելառուսից Լիտվայի օդային տարածք ներթափանցած անօդաչու թռչող սարքի պատճառով։
Վիլնյուսի օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։
Լիտվական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բնակիչները ստացել են հաղորդագրություններ՝ ապաստարաններ տեղափոխվելու կոչով, որտեղ եղել են նաև երկրի նախագահը, վարչապետն ու խորհրդարանի խոսնակը։