Լիտվան պահպանում է Բելառուսի հետ հաղորդակցությունը. ԱԳ նախարար

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիս

Լիտվան իրավիճակին համապատասխան տարբեր կապուղիներով պահպանում է հաղորդակցությունը Բելառուսի հետ, հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։

«Չեմ կարող ասել ամենօրյա ռեժիմով, բայց կասեմ գրեթե ամեն օր, քանի որ տեղեկատվության փոխանցման մի շարք կապուղիներ ունենք։ Օրինակ՝ ամեն անգամ, երբ մեր օդային տարածքը խախտվում է, բողոքի նոտա ենք փոխանցում և ի պատասխան զեկույց ստանում։ Կապ են պահպանում նաև այլ պետական մարմիններ», - լիտվական ռադիոընկերություններից մեկի հետ զրույցում ասել է Բուդրիսը։

Նախարարի խոսքով՝ կախված իրավիճակից և խնդիրներից՝ հաղորդակցությունն ապահովվում է համապատասխան մակարդակում: Ըստ նրա՝ փաստը, որ երկու պետությունները հաղորդակցման ուղիներ ունեն, ավելի քան նորմալ է։

Տևական ժամանակ է, ինչ Մինսկը բարձրաձայնում է Արտգործնախարարությունների մակարդակում քննարկումների անհրաժեշտության մասին։ Վիլնյուսը մերժում է բանակցությունների առաջարկը։ Բուդրիսը ավելի վաղ հայտարարել էր, որ միջազգային պատժամիջոցների ներքո գտնվող Բելառուսն այսպես փորձում է համաշխարհային արենայում լեգիտիմություն ձեռք բերել։

Միևնույն ժամանակ, նախորդ դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ Լիտվան պատրաստակամություն հայտնեց Բելառուսի հետ ցածր մակարդակում տեխնիկական բնույթի քննարկումներ անցկացնել։ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունը սահմանային հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակեց։ Մինսկը, սակայն, մերժեց Վիլնյուսի առաջարկը և պնդեց դիվանագիտական մակարդակում հանդիպման անհրաժեշտությունը։

Բելառուսի և Լիտվայի հարաբերություններն է՛լ ավելի վատթարացան 2025-ի հոկտեմբերին, երբ սաստկացավ մաքսանենգ ուղիներով ծխախոտի ներմուծումը Լիտվա։ Մաքսանենգները բեռների տեղաշարժը, ըստ Լիտվայի, օդապարիկներով էին կազմակերպում, ինչը խաթարել էր Վիլնյուսի օդանավակայանի գործունեությունը։

Մինսկը հերքել էր մեղադրանքները. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ լիտվացիները մաքսանենգ ճանապարհով Լիտվա էին տեղափոխում բելառուսական գործարաններից գնված ծխախոտը՝ հետագայում այն Միացյալ Թագավորությունում, Նիդերլանդներում և ԵՄ անդամ այլ երկրներում վաճառելու նպատակով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վիլնյուսի օդանավակայանը կրկին ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիտվան արտակարգ դրություն է հայտարարել