Լիբանանը 2 տարով հետաձգում է խորհրդարանական ընտրությունները

Լիբանանի խորհրդարանը որոշել է երկու տարով հետաձգել այս տարվա մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները։ Այդ մասին հայտարարել է խորհրդարանի նախագահը՝ ընդգծելով, որ որոշումը պայմանավորված է պատերազմով, որը ծավալվել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» խմբավորման և Իսրայելի միջև։

128 անդամ ունեցող օրենսդիր մարմնի 76 պատգամավոր քվեարկել է մանդատի երկարաձգման օգտին։ Պատգամավորների մեծամասնությունն աջակցել է խորհրդարանի մանդատի երկու տարվա երկարաձգմանը՝ պատճառաբանելով, որ շարունակվող ռազմական բախումների պայմաններում անհնար է անվտանգ ընտրություններ կազմակերպել։

Reuters-ը գրում է, որ պատգամավորները, այդ թվում՝ «Հեզբոլա»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Մոհամեդ Ռաադը հավաքվել էին խորհրդարանի նիստին, որի ընթացքում Իսրայելի ռազմական ինքնաթիռները թռչում էին Բեյրութի հարավային արվարձանների վրայով։

Լիբանանում վերջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2022 թվականին։

Պատգամավորները նման քայլի նախկինում էլ են դիմել․ 2009 թվականին ընտրված խորհրդարանը քվեարկել էր իր մանդատը մինչև 2017 թվականը երկարացնելու օգտին՝ այդ անգամ անվտանգային խնդիրները կապված էին հարևան Սիրիայում ընթացող պատերազմի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի արվարձաններինԻսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով Բեյրութում զոհվել է առնվազն չորս մարդԻսրայելի հարձակումների հետևանքով Լիբանանում զոհվել է 16 մարդԹրամփը Իրանի ուժայիններին կոչ է անում վայր դնել զենքերը և օգնել տապալելու կառավարությունըԼիբանանում Իսրայելի հարվածներից շուրջ 220 մարդ է զոհվել